Թանկացումներն ամենաթողության արդյունք են
«Հայաստանում շարունակական դարձած թանկացումների պատճառը պետական վերահսկողության բացակայությունն է»,-համոզված է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Այսօր կայացած ասուլիսում նա նշեց, որ տեղական տնտեսվարողներին ոչինչ չի մնում, քան օգտվել այս ամենաթողությունից. «Տեղական տնտեսվարողը շատ լավ գիտի, որ մեկ անգամ թանկացրեց, բան չասեցին, երկրորդն էլ կանի, մեկա բան ասող չկա»։
Պարոն Պիպոյանին շատ է հետաքրքրում, թե մեր կառավարությունն ինչով է զբաղված. «Ամեն հինգշաբթի կառավարության նիստ կա, բայց կարծես մեր երկրում մենակ տրանսպորտն ու ուսման վարձն է թանկացել»:
Բաբկեն Պիպոյանը իրավիճակի միակ ելքը տեսնում է հանրային վերահսկողության մեջ, որ պետք է լինի ուժեղ ու մշտական:
Լրագրողների հարցին` ի վերջո Մաքսային միությո՞ւն, թե՞ ԵՄ Ասոցացում, Պիպոյանը պատասխանեց. «Մաքսային միություն կամ ԵՄ գնալու համար նախևառաջ տնտեսություն պետք է ունենալ»: