Հինգ անգամ ավելացել է ինքնասպանությունների թիվը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2008 թվականից Հայաստանում 100 000 մարդուց տասը ինքնասպանություն է գործում, իսկ 2005 թվականին այդ թիվն ընդամենը երկուսն էր։
Տվյալները այսօր Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվա առիթով կայացած ասուլիսի ժամանակ ներկայացրեց հոգեբույժ Սամվել Թորոսյանը։
Հոգեբույժի խոսքով՝ ինքնասպանություն գործելու հիմնական պատճառը սոցիալական ծանր վիճակն է. «Մարդկանց ինքնասպանության են հասցնում նաև դեպրեսիաները, կենցաղային պայմանները, կոնֆլիկտները, ժառանգական ֆակտորը»։
Որպեսզի ինքնասպանությունների թիվը նվազի, հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանը խորհուրդ է տալիս դիտել միայն բարի ավարտ ունեցող ֆիլմեր, քանի որ սթրեսային ֆիլմերը այն դիտողների մոտ առաջացնում են դեպրեսիաներ։
ԱՀԿ գնահատականներով, տարեկան մոտ 900 հազար մարդ ինքնասպան է լինում, իսկ մոտ 20 միլիոն մարդ ինքնասպանության փորձ է կատարում: 15-44 տարեկան անձանց մահացության երեք հիմնական պատճառներից մեկը հենց ինքնասպանությունն է: