Խիստ հսկողություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է խիստ հսկողությունը ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Հայտնաբերված խախտումների մասով կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Ուղետարների նորոգումն ավարտվել է
Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ընթացքի մեջ են Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող նոր ավտոմայրուղու և Ուլենցի-Ռուբինյանց փողոցները կապող ավտոճանապարհի կառուցման աշխատանքները: Ըստ քաղաքապետարանի մամլո ծառայության՝ ավարտվել են ուղետարների վերանորոգման և դրանց ավարտից հետո նաև մաքրման աշխատանքները:
Սեփականաշնորհելու են
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցի 68 հանրակացարանային շենքում բնակվող քաղաքացիների կողմից բնակարանների սեփականաշնորհման գործընթացին անդրադառնալով՝ անշարժ գույքի կառավարման վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքներն ընթացքի մեջ են և գործընթացը առաջիկայում ամբողջությամբ կավարտվի:
11 հազար 689 աշակերտ
Հանրակրթական դպրոցներում աշակերտների ընդունելության գործընթացի վերաբերյալ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ 2013-2014 ուսումնական տարում հիմնական դպրոցների առաջին դասարաններ է ընդունվել 11 հազար 689 աշակերտ, նախորդ ուսումնական տարվա 10 հազար 769 աշակերտների համեմատ: