Փլուզում Գյումրիում. կա տուժած
Օգոստոսի 29-ին, ժամը 19.20-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Օզանյան փողոցի թիվ 1 վթարային շենքի 3-րդ հարկի հատակը փլուզվել է. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շենքը 4-րդ կարգի վթարային է: Հայր և որդի Բ.-ները մուտք են գործել իրենց բնակարան իրերը տեղափոխելու նպատակով. 3-րդ հարկի առաստաղը (20 քմ) փլուզվել է, ինչի հետևանքով 1958 թ. ծնված Ս. Բ.-ը հայտնվել է փլատակների տակ:
Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով քաղաքացուն տեղի ուժերով դուրս են բերել փլատակներից և հոսպիտալացրել Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Իսկ ինչպես հաղորդում է Ցայգ հեռուստաընկերությունը, ըստ տուժած Էդիկ Բաղդասարյանի տղայի, հայրն այդ հասցեում նախկինում է բնակվել, շենքն հիմա ունի 4-րդ աստիճանի վթարայնություն, եւ որեւէ մեկը չի ապրում:
Հայրն ընդամենը գնացել է նախկին տնից որոշ իրեր տեղափոխելու եւ դեպքը տեղի է ունեցել: Փլուզվել է 3-րդ հարկի հատակն ու 58-ամյա Էդիկ Բաղդասարյանը փլվածքի հետ հասել է մինչ առաջին հարկ:
Տուժածը Գյումրի բժշկական կենտրոն է ընդունվել ծանր վիճակով, տրավմատիկ շոկով: Ըստ կենտրոնի պատասխանատու հերթապահ բժշկի, Էդիկ Բաղդասարյանի մոտ ներկա պահին ախտորոշվել է կրծքավանդակի սալջարդ, կողերի կոտրվածք: Տուժածը դեռեւս ենթարկվում է հետազոտության: Առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր: