Խոդեդանից խոսելու տրամադրություն չկա (տեսանյութ)
Իրինդ գյուղի ծերունիներն անգիր են հիշում Ստալինի մասին Նաիրի Զարյանի բանաստեղծությունը. «Աքիլեսին Հոմերն երգեց, Ռոստամ Զալին՝ Ֆիրդուսին, Հազար Հոմեր ու Ֆիրդուսի կառնեն գրիչ ու քնար, ու երգելով չեն սպառի քո մեծությունն անհնար»։
Գյուղացիները պատճառ ունեն՝ Ստալինը խնայեց Ավետիք Իսահակյանին, որը 40-ականներին այս գյուղի ամենացանկալի հյուրն էր: «Մեր գյուղն էղե դաչա, ուրիշ տեղ չի գնացել»,-Հայրենական Մեծ պատերազմի օրերին գյուղի առավելությունն է հիշում 87-ամյա Խնկանոս Քոթանյանի կինը։ Նա փոքրիկ աղջիկ է եղել, տեսել է Ավետիք Իսահակյանին։ Առ այսօր չի հասկանում՝ ինչու՞ բանաստեղծը թողեց գեղեցիկ Վենետիկն ու եկավ Հայաստանը. «Ավետիք Իսահակյանին կդատեին, հբը ինչ կենեին»։
Իսահակյանին, գյուղացիները համոզված են, փրկել է Ստալինի թիմակից Անաստաս Միկոյանը։ Միայն դրանից հետո է բանաստեղծը եկել Իրինդ։ Բնակվել է այս տանը, կոլտնտեսության նախագահի տեղակալը Խաչիկ Դաշտենցն էր։ Պատերազմի տարիներն էին. «Բերել աշխատավարձ էին տալիս, որ ապրեին, այ մարդ, էն ժամանակ գրողներն էնքան վատ վիճակի մեջ էին, որ իրանց գոյություն չէին կարող պաշտպանել»։
Հենց այստեղ էլ Խաչիկ Դաշտենցը գրել է «Խոդեդան» վեպը։ Գյուղացիները հպարտ են։ Խոդեդանն իրական կերպար էր, ապրել է հենց Իրինդում, այս տանը։ Տանտերը սակայն Դաշտենցից կամ Խոդեդանից խոսելու տրամադրություն չունի, մի ոտքը հաշմվել է, պետությունը հրաժարվում է հաշմանդամի թոշակ տալ։ «Հիվանդացել եմ, թղթերս բերել եմ տարե սոցիալ բաժնում, ընդեղ էլ ասում ա՝ ոտդ պիտի կտրած լինի։ Էս, ասում եմ, կտրի»,-ասում է Խոդեդանի տան այսօրվա տանտերը՝ Արա Սարգսյանը։
Գյուղի մշակույթի տան դիմաց այսօր կանգնեցված է Խաչիկ Դաշտենցի համեստ հուշարձանը։ Գյուղ մտնողն այն այնքան էլ հեշտ չի գտնի։ Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի աջ նայող արծվի թեւը հենց Դաշտենցի կիսադրու ուղղությունն է ցույց տալիս։ Մյուս թեւը ցույց է տալիս Արեւմտյան Հայաստանը։