«Չես ուզում, չէ՞, գալ Հայաստան, իմ աղջիկ» (տեսանյութ)
Իրինդ գյուղը Հայաստանի ամենաբարեկեցիկ բնակավայրերից է, այստեղից վերջին 15 տարում սակայն արտագաղթում են առանց երկմտելու։ «Իրինդ գյուղի բնակչության չափ իրինդցիներ կան Ռուսաստանում»,-ասում է տեղացի Գրիգոր Պետրոսյանը։
55-ամյա Անժիկ Մինասյանի մինուճար որդին արտագաղթողներից չէ, Ռուսաստան է մեկնել արտագնա աշխատանքի, կյանքը նույնիսկ հեշտացել է։«Տանից որ դուրս են եկել, ուղարկում են դրանով ենք ապրում»,-տեղեկացնում է կինը։
Երիտասարդ շինարար Վարդան Հեպոյանը հիմա է մտածում Ռուսաստան գնալու մասին, այս եկեղեցու շինարարներից էր։ Շինարարությունը կանգնել է սկսելուց մեկ ամիս հետո, չի ուզում անասուն պահել. «Ռուսաստաններում կթափառենք, մի քանի կոպեկ կաշխատենք մեր ընտանիքները կպահենք»։ Գարնան հետ Վարդանը կմիանա նոյեմբերին արտագնա աշխատանքից վերադարձածների երամին։ Դեպի Ռուսաստան։ Այստեղ կմնան գարնանը ծնվող բալիկը եւ կինը։ Ռուսաստանում քեռիներն են, հորաքրոջ երեխաները. «Գացի ընդեղ ա կապրեն, Ռուսաստաններ»։
Իրինդում կյանքը եռում է, քանի դեռ անասուններն այստեղ շատ են։ Սարերից վերադարձող այս կովերին ու ոչխարներին տեղավորելուց հետո սկսվում է հարազատների ինովացիոն շփումը։ Ռուսաստանում ապրող հարազատները գիտեն, թե Հայրենիքից որ ժամին է լինելու զանգը, սակայն այդ զանգը երբեք կանչ չի դառնա։ «Նոնա ջան, ուզու՞մ ես գաս Հայաստան»,-Ռուսաստանում ապրող դստերը skype-ով հարցնում է Արմենուհի Հակոբյանը։ «Չէ, գամ, ի՞նչ անեմ»,-հարցնում է աղջիկը։ «Չես ուզում, չէ՞»,-փորձում է հավաստիանալ մայրը։ «Չէ, չէ, չէ, չէ»։ «Ճիշտ էլ անում ես, իմ աղջիկ»,-դստերն է գոտեպնդում մայրը։
Իրիկվա մութի հետ Իրինդ գյուղում որպես լուսավոր ստվեր ուրվագծվում է հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշարձանը, սակայն ոչ ոք չգիտի՝ ու՞մ համար, ինչի՞ համար։