Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթանակ Անդրանիկ Մարգարյանի հաշվին (տեսանյութ)

Հասարակություն
269ab02b0eb96666bdaf96d841506674

Իրինդ գյուղում Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն արդեն հուշարձան է:

«Էրեւանից են որոշել, բերել են»,-ասում է գյուղացիներից մեկը։

Պարզվում է՝ 60-ականներին Հայաստանի անկախության համար պայքարող Անդրանիկ Մարգարյանը անվտանգության մարմինների հետապնդումից փախել է Իրինդ եւ թաքնվել բարեկամների տանը։ «Գյուղացիները տեղյակ էին, բոլորն էլ գիտեին, որ նա մեր մեջ ա, բայց ոչ ոք ոչ մի բանում ցույց չտվեց»,-փաստում է գյուղի պատմության ուսուցիչ Գրիգոր Պետրոսյանը։

Գյուղացիներն ասում են, որ վարչապետ աշխատելու տարիներին Անդրանիկ Մարգարյանն ամեն ինչ է արել, որ գյուղի 7-րդ դարի եկեղեցին վերականգնվի։ Պետության միջոցներն են դրել այս գործի համար։ Շինարար Վարդան Հեպոյանը հիշում է. «Իրա մահից հետո էս եկեղեցու գործն կայնավ»։

Շատերն ասում են, որ Անդրանիկ Մարգարյանի շնորհիվ գյուղն ունի գազ եւ ասֆալտ։ Նախկին գյուղապետ Ալեքսան Քոթանյանը հիասթափեցնում է բոլորին՝ ի՞նչ կապ ունի նախկին վարչապետը գազաֆիկացման հետ. «Էդ գազի խողովակները սովետների ժամանակ քաշած էր, տրուբեքը կար, էդ իրանք չեն արել։ Եվ 2004-ին դատարանի վճռով դարձրի գյուղապետարանի սեփականությունը, վաճառեցի Հայռուսգազարդին, իմ կողմից համ էտի ներդրում եղավ, համ մեզի գումար տվեցին։ Եվ Հայռուսգազարդը էդ շինարարությունն արեց»։

Գյուղի ճանապարհների ասֆալտապատման հետ նախկին վարչապետը կապ ունի։ Անասունները դաշտերից տուն են վերադառնում առանց փոշի բարձրացնելու։ Գյուղն, ի դեպ, համակրում է նաեւ Տարոն Մարգարյանին, որովհետեւ Անդրանիկ Մարգարյանի որդին է, բայց հուշարձան կանգնեցնելը շատ կլիներ։ «Աստված ոչ անի»,-հուշարձանի գաղափարին հակադարձում է գյուղացի Անժիկ Մինասյանը։

Նախագահի վերջին երկու ընտրություններում էլ գյուղում հաղթել է Սերժ Սարգսյանը, «ի սեր Անդրանիկ Մարգարյանի»։ Նախկին գյուղապետը կգերադասի լռել, թե ինչպես է տեղի ունեցել այդ հաղթանակը գոնե 2013-ին Այնուհետեւ Ալեքսան Քոթանյանը պատմում է սարսափելի ընտրակեղծարարությունների մասին։ Այսօր գործող նախագահը գյուղում միայն նախընտրական լուսանկար է։ Փոխարենը նախկին վարչապետի սպիտակ մարմարից քանդակված արձանն իր ծավալներով ստվերում է նույնիսկ Հայրենական Մեծ Պատերազմում գյուղացի 24 զոհերի հուշարձանը։