«Մեղրը ոսկի ա» (տեսանյութ)
Տավուշի մարզում երեկ ամբողջ օրը բոլոր ճանապարհները տանում էին Սորան զբոսայգի: Երկրորդ անգամ տեղի ունեցավ Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը` «Տավուշի հոգևոր վերածնունդ» և «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամների աջակցությամբ:
«Մեր խնդիրը նոր շուկաներ ձեռքբերելն է մեր տարածաշրջանի ապրանքների մթերքների համար»,- ասաց «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի նախագահ Հայկ Չոբանյանը:
Վոլոդյա Գրիգորյանը փառատոնին մասնակցող մեղվաբույծներից մեկն էր. «Մեղրը ոսկի ա, փոխարինում ա ոսկուն»,- նշում է նա: Արծվաբերդցի այս մեղվաբույծն նշում է, որ իր ոսկին` Լորենու մեղրը, անհրաժեշտ է հատկապես երեխաներին։
Մինչ երեխաների մի մասը մեղր է ճաշակում, մյուսները օգնում են այն ստանալ: Այգեձորցի Զառան նրանցից մեկն է: Զառայի հայրը՝ բժիշկ Մուրադ Գրիգորյանը, չի էլ հիշում, երբ է սկսել զբաղվել մեղվաբուծությամբ, սկզբում ինքն էր հորը օգնում, հիմա էլ իր երեխաներն են իրեն օգնում:
Մեղրի հանդեպ անտարբեր չէր անցել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Նա , ինչպես Բերդի տարածաշրջանի բնակիչների մեծ մասը, կարևորում է նման միջոցառումները
Իսկ ինչպես ցանկացած նմանատիպ միջոցառումից հետո, փառատոնի վերջում պատկերը այնքան էլ ոգևորիչ չէր:
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում: