Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անվասայլակով մարդը կկանգնի տուպիկի առջև» (տեսանյութ)

Հասարակություն
41f945b68cca12cc687f385e2859e689

Անվասայլակի օգնությամբ տեղաշարժվող քաղաքացիների համար Հայաստանյան գրադարանների մեծ մասը մատչելի չեն: Միայն մայրաքաղաքում կան գործող  31 հանրային գրադարաններ, որոնք չունեն թեքահարթակներ: Այսինքն ինքնուրույն շարժվելու հնարավորություն չուենցող մարդու համար գրադարանի մուտքն արգելված է։ «Անվասայլակով մարդը, ով գիրք կարդալ շատ է սիրում կգա ու կկանգնի տուպիկի առջև», - ասում է Արևիկ Մելքոնյանը։

Արեւիկ Մելքոնյանի համար գրադարանից գիրք վերցնում են մտերիմները։ Իսկ եթե նույնիսկ ինչ-որ մեկի օգնությամբ գրադարան է մտնում, ապա այնտեղ երկար ժամանակ չի կարող անցկացնել։ «Ընթերցասրահներում սեղանն ու նստարանը իրար կպած է, չես կարող տեղաշարժվել»,- մտահոգվում է Արևիկը։ 

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանից միայն 15 հաշմանդամություն ունեցող մարդ է օգտվում։ Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը ցավով խոստովանում է՝ պատճառը թեքահարթակների բացակայության է։ Գրադարանի տնօրենը փորձել է լուծել խնդիրը, սակայն չի հաջողվել։ Շենքի ճարտարապետական կառուցվածքը թույլ չի տալիս:«Աստիճանների այդ թեքությունը հնարավորություն չի տալիս , թեկուզ նեղացնելով կառուցել այդ թեքահարթակը»:

Դավիթ Գրիգորյանը թեքահարթակի կարիք չունի, սակայն նա էլ չի կարողանում գրադարանից ինքնուրույն օգտվել։ Այստեղ պայմաններ չկան նաեւ տեսողական խնդիր ունեցողների համար։ Գրադարաններում բացակայում են կողմնորոշող  և ձայնային նշանները։

Իսահակյանի անվան գրադարանը այն եզակիներից է, որտեղ թույլ տեսնողների համար գործում է, «Արև» ծրագրը, սակայն սահմանափակ գրականությամբ։ «էն գրքերը , որոնք որ ես ցանկացել եմ, ինձ ասել են, որ չկա, դրա համար չեմ օգտվել»,- ասաց Դավիթը: 
Իսահակյանի անվան գրադարանի տնօրենի ցանկությունն է, որ իրենց գրականությունը հավասարապես մատչելի լինի բոլոր քաղաքացիների համար:

Նա հույսը կտրել է կառավարությունից եւ բարերարներ է փնտրում՝ շարժողական թեքահարթակ ձեռք բերելու համար: Արդեն պարզել է այն կարող է ձեռք բերել Իտալիայից 2000 եվրոյով: