Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարազատ եւ օտար Թուրքիան (տեսանյութ)

Հասարակություն
1e165ded3a02f8ef8ba89d62e6d6ff71

Վան քաղաքի «Մենուա» հյուրանոցի սենյակներից մեկի պատուհանը բացվում է դեպի պատը։ Կանացի փակ դեմքերը նույնպես քիչ չեն։ Ի՞նչ ունի թաքցնելու այս քաղաքը։ Ոչինչ, պետական կառույցներից ու ռազմավարական օբյեկտներից բացի։ Կան նաեւ մզկիթ դարձած եկեղեցիները։ Ընդամենը 30 տարի առաջ Վանի բերդի տակ գտնվող հայկական այս եկեղեցին մզկիթի է վերածվել զուտ երեք գմբեթներից մեկի փոփոխությամբ։

Այս մահմեդական հավատացյալ կինը դա ընդունել է ի գիտություն։ Մահմեդական կառույցները մտել են նաեւ Վանի ուրարտական բերդի տարածք։ Բերդը գրեթե ամբողջությամբ վերականգնված է։ Տեղ-տեղ գտնվող ավերակներն են հուշում, որ ժամանակակից Թուրքիան բերդի գոյության հետ ընդհանուր ոչինչ չունի։ Սակայն պատմական բոլոր օբյեկտներն առանց թուրքական դրոշի ոչինչ չեն նշանակում, այդ դրոշի ներքո պատմությունը դառնում է պետության սեփականությունը։ Բերդի պատերից ներս արտառոց ոչինչ չկա, նույնիսկ թանգարան չկա։ Պատմության անգործությունը փոխհատուցվում է բերդի հարեւանությամբ գտնվող հուշանվերների եւ գեղեցիկ լուսանկարների խանութներով։

Զարդանախշերի խանութի աշխատակցուհին անկեղծ է՝ այսքան վզնոցներից միայն այս մեկն է հայկական նախշազարդային արվեստի գործ։ Նրանք, ովքեր մտադիր են Ախթամար կղզին որպես հուշ պահել ոչ միայն սրտում, այլեւ, ասենք, ավտոմեքենայի դիմապակիներին, ունեն ընտրություն։ Կղզին Վանից հեռու չէ, մոտ 30 կիլոմետր։

Այստեղ էլ դրոշները հիշեցնում են, թե ծովում եւ ցամաքում ով է դրության տերը։ Եկեղեցին ավելի շատ հիշեցնում է գերյալի, որին այցելում են ընդամենը ողջությունն իմանալու համար։ Գրությունը սակայն տեղեկացնում է, որ դա մեր գերյալը չէ։ Թեպետ պատերն անգամ բղավում են, թե ով է ինքը։ Գմբեթի խաչը, որը տարիներ առաջ հրաժարվում էր տեղադրել թուրքական կառավարությունը, արդեն տեղում է, զուտ հայկական խաչ է։

Ախթամարի եկեղեցին գլխապտույտ հմայք ունի ներսի եւ դրսի պատերի խոշտանգված եւ պահպանված սրբապատկերներով ու զարդանախշերով։ Ախթամարի երկինքը ողողված է արեւի ճառագայթներով։ Ցանկացած հեռացող կտեսնի, թե օրվա վերջում ինչպես է եկեղեցին մենակ մնում թուրքական ինքնության խորհրդանիշի՝ լուսնի հետ։