«Վարչապետ իջի, կիթառ էլ կբերենք» (տեսանյութ)
Այսօր Կառավարության դիմաց կրկին բողոքում էին բուհերի ուսվճարների բարձրացման դեմ:
Ակցիայի մասնակիցները եկել էին նամակ հանձնելու անձամբ վարչապետին: Նամակում մասնավորապես նշվում էր. «Որոշումը պետք է չեղյալ հայտարարեք մի քանի պարզ պատճառով, ուսանողները վարձավճարի բարձրացումից իմացել են քննություններից մեկ ամիս առաջ, սա մարդու իրավունքների կտրուկ խախտում է: Որոշումը որևէ կերպ չի կարող արդարացված լինել ժողովրդի այս սոցիալ-տնտեսական ծայրաստիճան ծանր պայմաններում»:
Երիտասարդների բողոքը լսեց կառավարության նամակների և դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա իջավ, սակայն երիտասարդները շարունակեցին պնդել, որ իրենք նամակը կփոխանցեն միայն վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Ալեքսանդր Ղազարյանը գնաց առանց որևէ նամակի, երիտասարդները պահանջեցին վարչապետի ներկայությունը` բացականչելով «Վարչապետ իջի, նվագենք»:
Անդրանիկ Շիրինյանը սեպտեմբերից մուտք կգործի ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետ: Ապագա իրավաբանը պնդում է, որ ուսվճարների բարձրացման մասին որոշումով խախտվել է ուսանողների իրավունքները. «Էն 15 հազար ուսանողները, որ ընդունվել են բուհեր, յուրաքանչյուրի իրավունքները ոտնահարված են: Ուղղակի նրանցից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ինքն է կարող միայն պաշտպանել սեփական իրավուքները»,- ասում է նա:
Երիտասարդ ակտիվիստները ակցիայի շրջանակներում Սահմանադրություն նվիրեցին վարչապետին: Տեսնելով, որ վարչապետը չի իջնում երիտասարդները գնացին ԿԳՆ շենքի մոտ: