Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիտակցության չգալով` մահացել է

Հասարակություն
7cf3fdb9eca0f574ae1e054bad5867f1

Օգոստոսի 6-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի թափանցող վնասվածքներ` սրտի, ստամոքսի, ձախ երիկամի վնասումով, ներքին արյունահոսություն, հեմոռոգիկ շոկ` ծանր աստիճանի» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1977 թ. ծնված Լուսինե Դավթյանը, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն դանակահարել է ամուսինը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Լ. Դավթյանին, ամուսնու եղբոր` 1978 թ. ծնված Արտակ Ա.-ի տանը, ծագած վիճաբանության ժամանակ, կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածներ հասցրել և վնասվածքները պատճառել է ամուսինը` 1976 Արսեն Ա.-ն:

Քննչական բաժնում փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դանակը հայտնաբերվել և առգրավվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արտակ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նույն օրը, ժամը 23.00-ին, Լուսինե Դավթյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

 

Մահվան ելքով վրաերթ

Օգոստոսի 6-ին, ժամը 12.15-ի սահմաններում, «ԳԱԶ-33104-31» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ-Երևան ճանապարհի 20-րդ կմ-ին` Այնթապ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 1928 թ. ծնված Ռուբեն Ասատրյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 15.50-ին, հիվանդանոցում Ռ. Ասատրյանը մահացել է:
Կատարվում է քննություն:

 

Րաֆֆու փողոցում «Օպել Վեկտրա» է այրվել

Օգոստոսի 6-ին, ժամը 13.00-ին, ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Րաֆֆու փողոցում «ՎիվաՍել»-ի հարևանությամբ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է այրվում:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.58-ին, Րաֆֆու փողոցի թիվ 6 հասցեի մոտ այրվել է 1974 թ. ծնված Արտակ Գ.-ի «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը և դիմային հատվածը:
Հրդեհը մարվել է ժամը 13.17-ին մարտական 1 հաշվարկի ուժերով:

Հրդեհի առաջացման պատճառները և նյութական վնասի չափը պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ:

 

Արտաշիսյան և Չեխովի փողոցների խաչմերուկում

Օգոստոսի 6-ին, ժամը 13.30-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան և Չեխովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բախվել են «Տոյոտա-Պրադո» և «Տոյոտա-Կարոլա» մեքենաներ
Օգոստոսի 6-ին, ժամը 15.20-ի, Երևանի Ռուբինյանց փողոցը Գայի պողոտային միացնող կամրջի վրա իրար են բախվել «Տոյոտա-Պրադո» և «Տոյոտա-Կարոլա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտա-Պրադո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: