Միավորեցին ուժերը տուն կառուցելու համար
Օգոստոսի 6-ին Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, տկն. Լիբի Հեֆերնը և դեսպանատան «Աջակցող ձեռքեր» կազմակերպության ներկայացուցիչները միացան Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնին» Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝ օգնելու Ալեքսանյաններին կառուցել սեփական կացարանը:
ԱՄՆ դեսպանատունը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» համագործակցում են 2008թ.-ից ի վեր: Ամեն տարի ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները կառուցում են կազմակերպության տեղական և միջազգային կամավորների հետ միասին: Սա մի յուրօրինակ համագործակցություն է , որն ուղղված է օգնելու կարիքավոր մարդկանց: Այս տարի ԱՄՆ դեսպանատան «Աջակցող ձեռքեր» կազմակերպության անդամները և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» աջակցեցին Ալեքսանյանների ընտանիքին (երիտասարդ ծնողները և նրանց տասնհինգ, տասնչորս, չորս և երեք տարեկան երեխաները):
Երկար տարիներ Ալեքսանյանների տասներկու անձից բաղկացած ընտանիքն ապրել է մի փոքր տան մեջ. Գագիկն իր ծնողների և եղբոր ընտանիքի հետ: Ընտանիքն ապրում էր համերաշխ, բայց ժամանակի ընթացքում տունը շատ նեղ դարձավ երկու աճող ընտանիքների համար, ուստի Գագիկն իր ընտանիքի հետ տեղափոխվեց այլ տուն: Սակայն ֆինանսական դժվարությունները թույլ չտվեցին երկար ապրել առանձին, ու նրանք կրկին վերադարձան հայրական տուն:
«Ունենալ տուն, որտեղ իմ երեխաները երջանիկ և կայուն կյանք կունենան, դա է իմ կյանքի ամենամեծ երազանքը», ասաց Գագիկը:
Տարիներ շարունակ Գագիկը խնայողություններ էր կուտակել, որպեսզի ընտանիքի համար տուն կառուցի, որով էլ անցած տարի սկսել էր տան շինարարությունը, սակայն նրա խնայողությունները բավական չէին շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար, ու օր օրի նա կորցնում էր հույսը, որ երբևէ բավական գումար կունենա տունն ավարտին հասցնելու համար:
«Այսօր ԱՄՆ դեսպանատան «Աջակցող ձեռքեր» կազմակերպության խումբը խանդավառությամբ միացավ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնին» Ուջան գյուղում՝ օգնելու Ալեքսանյանների ընտանիքին: Ուրախալի էր ականատես լինել այն լավ գործին, որ Ֆուլեր կենտրոնն անում է կարիքավոր ընտանիքների համար և համեստ ներդրում անել այդ գործի համար: «Աջակցող ձեռքերը» համայնքին ծառայելու կամավորական խումբ է, որտեղ դեսպանատան հայ և ամերիկացի անդամներ աշխատում են միասին՝ իրականացնելով տարբեր ծրագրեր», ասաց Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը նշեց. «Մենք բոլորս միավորված ենք պարզ և հարմարավետ տան կարիք ունեցող մարդկանց կյանքը փոխելու գործին մեր համոզմունքով և նվիրվածությամբ: Սա մարդու առաջնային իրավունքներից է, և այն կենսական նշանակություն ունի յուրաքանչյուրի կյանքում: Մեզ համար պատիվ է, որ օգոստոսի 6-ին Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն իր տիկնոջ և ԱՄՆ դեսպանատան «Աջակցող ձեռքեր» կազմակերպության ներկայացուցիչների հետ աշխատեցին մեզ հետ՝ օգնելով կառուցել Ալեքսանյանների երազանքի տունը՝ այդպիսով ստեղծելով ամուր հիմք, որպեսզի ևս մեկ հայ ընտանիք կայուն և երջանիկ կյանք ունենա»: