Քաղաքապետը չիջավ
Քաղաքապետարանի դիմացը 12-րդ օրը նստացույց իրականացնող ակտիվիստներից մեկն այստեղ չէր. Սուրեն Սահակյանը արևահարվել էր. «Երեկ գիշեր ժամը 10-ի սահմաններում տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ սիստեմա էին միացրել, բժիշկները կարծիք էին հայտնել, որ արևահարության արդյունք է: Սուրեն Սահակյանը կորոշի որտեղ բուժվի, կազդուրվի և բնականաբար կվերադառնա մեզ մոտ»,- ասաց նա:
Այսօր ոստիկանները ակտիվիստներին թույլ չէին տվել հովանոցը կապել աթոռից. «Այսօր հովանոցի հետ կապված մի փոքրիկ միջադեպ եղավ, ոստիկանության աշխատակիցները փորձեցին թույլ չտալ, որ հովանոցը կապենք աթոռից, չգիտեմ՝ ինչով է դա խախտում օրենքի որևէ կետ»,- նշեց ակտիվիստը :
Վահագն Մինասյանի խոսքերով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ չի այցելել քաղաքապետարանի դիմացը նստացույց իրականացնող ակտիվիստներին: Հանդիպումը եղել է պատահական, ակտիվիստները տեսել են քաղաքապետին և ընդառաջ գնացել:
Քաղքացիական ակտիվիստն այսօր անձամբ հրավեր արեց աղքապետին: «Այսօր ժամը 5-ին թող իջնի էստեղ, մենք էստեղ ենք»:
Ժամը 17:00-ին քաղաքացիական ակտիվիստները քաղաքապետարանի դիմացն էին, քաղաքապետը՝ ոչ: Այդպես էլ չիջավ: Քաղաքապետարանի դիմացը նստացույց անողներին այսօր միացել էր Հովհաննես Ղազարյանը: Նրան վրդովվեցրել էր քաղաքապետի հայտարարությունը, որ «3-4 հոգու» ցանկությունները չի պատրաստվում կատարել, քանի որ «ժողովուրդը կողմնակից չէ հրաժարականների». «Իմանալով, որ քաղաքապետը ասել ա, որ ստեղ երեք հոգի ա նստած, դրա համար մենք իրանց պահանջը չենք ընդունելու, հեսա էլի մարդիկ են միանալու, մենք որոշել ենք մեծ քանակով գանք, որ քաղաքապետը մեր ընկերների պահանջը կատարի»,- փոխանցեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: