Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անընդունելի թանկ բուժում (տեսանյութ)

Հասարակություն
73103d5b045fbfef3fcdc0f54f8e98db

Հայաստանում հեպատիտ C-ի բուժման տարեկան կուրսը կազմում է 17 000 դոլար, սա անընդունելի թանկ է: Համոզված է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ նախագահ Մամիկոն Հովհաննիսյանը:

Նա հաղորդեց, որ այսօր ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի անդամ-կազմակերպությունները նամակ են փոխանցել Առողջապահության նախարարին` ներկայացնելով ոլորտում առկա հիմնախնդիրները: Բացի այդ, նրանք մեկ այլ նամակով պահանջել են հիվանդության բուժման համար դեղամիջոցներ ներմուծող միակ կազմակերպությանը` «Հոֆֆման-Լյա Ռոշե» ՍՊԸ-ի հայաստանյան ներկայացուցչությանը, վերանայել գնային քաղաքականությունը. «Մեկ ամպուլան մոտավորապես 140 հազար դրամ է արժենում:

Եթե նայենք ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի չափը կամ էլ գործազրկության մակարդակը, ապա կտեսնենք, որ մարդիկ նույնիսկ հնարավորություն չունեն թեկուզ մեկ ամպուլա գնել: Իսկ եթե կուրսը նշանակված է 6, 9 կամ 12 ամսվա համար, այստեղ արդեն ստացվում, որ մարդիկ կարիք ունեն մոտավորապես 19 000 դոլարի:

Սա միայն հատուկենտ մարդիկ կարող են իրենց թույլ տալ»,- մեզ հետ զրույցում նշեց Մամիկոն Հովհաննիսյանը` հավելելով, որ ՀՀ կառավարությունը նույնպես պետք է քայլեր ձեռնարիկի` խնդրի լուծման ուղղությամբ. «Բուժումը տրամադրելու հնարավորություններն ավելի կշատանան, եթե կառավարությունը դեղորայք արտադրող ու ներկրող կազմակերպությունների հետ բանակցություններ վարի կամ էլ ինքը միջոցներ ճարի»,- ասաց Հովհաննիսյանը:

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ նախագահը նաև տեղեկացրեց, որ հուլիսի 28-ին` Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրը, Սիրահարների այգում միջոցառում տեղի կունենա: