«Երեւի հոգեբանորեն պատրաստ չէի»
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 4-րդ անգամ մասնակցեց «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» ակցիային:
Դրա համար նա այսօր շախմատի տանը միաժամանկյա խաղի սեանս անցկացրեց: Անվանի շախմատիստի հետ մրցամարտում իրենց ուժերը փորձեցին հաշմանդամություն ունեցողները, երեխաները, լրագրողները եւ ԱԺ պատգամավորները:
24 պարտիաներից 23-ը ավարտվեց Լեւոն Արոնյանի հաղթանակով: Բոլորից հաջող հանդես եկավ մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, որը վերջում ի հաշիվ Լեւոնի զոհաբերությունների երկու զինվորի առավելություն ստացավ, սակայն այդպես էլ չկարողացավ հաղթանակ տոնել: Արդյունքում գրանցվեց մարտական ոչ-ոքի:
«Մենք պետք է մշտապես խոսենք հաշմանդամություն ունեցողներին վերաբերող օրենքների մասին: Շախմատիստները սիրում ու հարգում են նրանց, եւ եթե մենք կարող ենք մի փոքր լավացնել նրանց կյանքը, ապա դա պետք է իրականացնենք» - նշեց աշխարհի 2-րդ շախմատիստը:
«Ա1+»-ի մարզական լրագրողի հարցին, թե ինչ էր Լոնդոնում կայացած հավակնորդների մրցաշարի վերջնամասում անհաջող ելույթների գլխավոր պատճառը, Լեւոն Արոնյանը պատասխանեց:
«Երեւի հոգեբանորեն պատրաստ չէի: Մարդը եթե ուզում է հաջողության հասնել, ապա պետք է դուրս գա հաճելի միջավայրից» - եզրակացրեց նա: