Վարդավառին ընդառաջ
Հուլիսի 7-ին, ժամը 11:00-17:00 (13:00-ից պաշտոնական մեկնարկ) Սիրահարների այգում տեղի կունենա «Վարդավառ 2013» միջոցառումը, որի նպատակն է վերականգնել սիրված տոնն իր ազգային ծեսերով ու ավանդույթներով:
Միջոցառման ընթացքում նախատեսվում է լուսանկարահանում հանրաճանաչ մարդկանց կողմից, «Vardatalk» (տարբեր ոլորտներից հայտնի ներկայացուցիչներ խոսում են Վարդավառի մասին), հյուրասիրություն` տոնին հատուկ ուտեստներով, ներկայացում` «Միհր» թատրոնի կողմից, խաղեր, երաժշտություն և այլն:
Նախաձեռնության հեղինակներ` ՄԱՐՕԳ մարքեթինգ ընկերությունը և դիզայներ Արա Ասլանյանը նպատակ ունեն վերականգնել տոնի մոռացված բաղկացուցիչները և մատնանշել ազգայինը:
Հին ժամանակներում Վարդավառը համախմբել է մարդկանց. սիրահար տղան ու աղջիկն այդ օրը հնարավորություն են ունեցել ազատ տեսնվել, տարբեր ազգեր, հարուստ ու աղքատ, բարեկամ ու թշնամի նստել են նույն սեղանի շուրջ. հարսը ջրել է սկեսրոջն ու սկեսրայրին, սանիկը` սանամորը: Տոնը միավորել է բոլորին անկախ ամեն ինչից ու սփռել սեր, հանդուրժողականություն ու հավասարություն: