Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

20 տարի առաջ ազատագրվեց Մարտակերտը

Հասարակություն
05e185ebc2c994cbee9494cb470f6d6f

Մի քանի ամիս տեւած նահանջից հետո՝ 1993թ. հունիսի 28-ին ազատագրվեց Մարտակերտը: Արցախյան հերոսամարտը, և մասնավորապես Մարտակերտից նահանջով և այնուհետև ազատագրմամբ հայ ժողովուրդը դասեր պետք է քաղի: Այսպես է կարծում գրականագետ, ազատամարտի մասնակից Վարդան Դևրիկյանը:

«Ամենամեծ դասն այն է, որ այդ ժամանակ իշխանության և ընդդիմության ցանկացած հակամարտություն աղետալի էր լինում պաշտպանության համար, և ուսանելին այն է, որ մայրաքաղաքում ինչքան էլ սրված էին քաղաքական դիմակայությունը, նույն այդ զարմանալի ներդաշնակությամբ կարողանում էին համագործակցել ռազմաճակատում»,- փաստում է պարոն Դեւրիկյանը: Մեզ համար, ըստ գրականագետի, սա պետք է դաս լինի, որ երկրի ինքնապաշտպանության պարագայում պետք է մոռանալ իշխանություն-ընդդիմություն հարցերը:

1992թ. սեպտեմբերից-փետրվար ընկած ամիսներին, երբ հայկական ուժերը նահանջել էին, ադրբեջանցիները հասցրել էին բնակեցնել Մարտակերտը: Վարդան Դեւրիկյանն ասում է` դա ադրբեջանցիների բնույթն է, իսկ հայերը գործում էին ճիշտ հակառակը: «Որ գյուղը, որ ընկնում էր, նորից այնտեղ հետ գալն անասելի դժվար էր: Մարդկանց մոտ հոգեբանական մի այնպիսի վիճակ էր, որ եթե թուրքի ոտքը մտել է այստեղ, մենք չենք կարող նորից հետ գալ: Սա շատ դառը դաս է: Շուշին էլ՝ վառ օրինակ։ Այնքան շատ շուշեցիներ կան, ովքեր չեն կարողանում հետ գալ»,- ասում է գրականագետը:

Մարտակերտի օրինակը նաև մեզ ցույց է տալիս, թե որքան հեշտ է ինչ-որ բան կորցնելն ու որքան դժվար` այն վերադարձնելը: Երկու ամսվա ընթացքում կորցրեցինք Շահումյանն ու Մարտակերտը: Մոտ 10 ամիս տևած դառը կմարտերից հետո միայն հաջողվեց վերադարձնել միայն Մարտակերտը: «Այսինքն` ինչքան հեշտ և արագ տվեցինք, այնքան ուշ և դանդաղ կարողացանք վերադարձնել կորցրածի կեսը»,- ասաց Վարդան Դեւրիկյանը: