Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցն անտեսվեց

Հասարակություն
3c59d03e0e3defad7352e998d98ae278

 

ՀՖՖ նախագահ, ՀՀԿ նախկին պատգամավոր, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի «Նուվել Դը Արմենիի» ամսագրին տված հարցազրույցը չի կցվի «Հարսնաքար»-ի գործին։

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն այսօր մերժեց տուժողի իրավահաջորդների միջնորդությունը՝ գործին որպես ապացույց կցել նաեւ այդ հարցազրույցը։

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանի՝ Ռուբեն Հայրապետյանը հարցազրույցում հայտնել է գործի հետ կապված էական մանրամասներ։

« Նա խոսում է դեպքի մասին, հայտնում է տեղեկություններ, մասնավորապես այն, որ գիտի այդ կռիվն ով է սարքել եւ ամեն ինչ սկսել է վարորդից, ով հավի կյանքով է ապրել, սրանք տեղեկություններ են, ովքեր գործի նյութերում առկա չեն»,- «Ա1+»-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը։

2012 թ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել ռազմական բժիշկներ Վահե Ավետյանը եւ նրա երկու ընկերները։ Վահե Ավետյանը դեպքից օրեր հետո գիտակցության չգալով մահացավ հենց հիվանդանոցում։ Այժմ ամբաստանյալի աթոռին են հայտնվել ռեստորանային համալիրի աշխատակիցները։

Դատարանն այսօր, սակայն բավարարեց տուժող կողմի միջնորդությունը՝ որպես վկա դատարան հրավիրել եւ հարցաքննել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի պահակներ Կարլեն Ստեփանյանին եւ Խաչատուր Սարգսյանին։

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 28-ին։