Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չհնացող գողություն (տեսանյութ)

Հասարակություն
2926d17d2403587d62842839621d7982

Առաջատար լրատվամիջոցները բողոքում են ինչ-որ կայքերից, որոնք հղումով կամ առանց հղումի գողանում են իրենց նյութերը եւ միանգամից դառնում ինտերնետային հեղինակավոր լրատվամիջոց։

« Դիզայն չունի, չգիտեմ ինչ չունի, ֆեյսբուքի էջ չունի, բայց ունի 50 հազար մուտք»,-ասում է Shamshyan.com կայքի ներկայացուցիչ Գեւորգ Էմին-Տերյանը

Նա այդ կայքերին անվանում է պարազիտ, որոնք առանց ճիգ ու ջանքի ընթերցող ու գովազդ են փախցնում։ Blognews կայքի աշխատակիցը բացառում է, որ խոսքն իր կայքի մասին է, իրենք լրատվամիջոց չեն եւ գովազդ էլ չունեն։

«Բաներային գովազդ մեր մոտ չկա, որ, ասենք, գողություն արվի, իրանց բերած տրաֆիկի հաշվին մենք հարստանանք»,-ասում է Blognews.am կայքի խմբագրի օգնական Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Իր վարկանիշով Կոնստանտին Տեր-Նակալյանի կայքը երկրորդ ամենաընթերցվող կայքն է, թեպետ ոչ մի լուր ինքնուրույն չի ստեղծում։ Blognews-ը միայն վերցնում է ուրիշ լրատվամիջոցների լուրերը, օգտատերերի կարծիքները։ «Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիրը համաձայն չէ, որ հենց այնպես վերցնեն ու մեկ այլ կայքում դնեն թերթի լրագրողի մի քանի ժամվա աշխատանքը։ Թերթն ընթերցող է կորցնում, հետեւաբար՝ շահույթ։

«Որովհետեւ այն ընթերցողը, որ պիտի գնար կրպակից մեզ տար այդ 100 դրամը, այլեւս չի անում, բավարարվում է ինտերնետում տեղադրված այդ հատվածով»,-ասում է Թագուհի Թովմասյանը։։

Թերթավաճառը դժկամությամբ է զրուցում , ասում է, որ հայկական թերթերը չեն վաճառվում։ Պատճառն, ըստ նրա, հրապարակումների մեջ չէ, դրանք առաջվա նման սուր են եւ ընդդիմադիր. «Երեւի մարդիկ հնարավորություն չունեն, մեկ էլ սաղ, ամեն ինչը ծանոթանում են ինտերնետով»։

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագրի կարծիքով, կայքերը պարզապես զրոյացնում են 20 հոգանոց թերթի կոլեկտիվի աշխատանքը, իսկ թերթը հարկեր է մուծում, աշխատավարձ է վճարում։
« Ես ուզում եմ, որ իմ աշխատողներին վճարածի դիմաց ստացած աշխատանքը լիարժեքորեն իրացնեմ շուկայում»,-ասում է «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

Նա հույս ունի, որ իրավիճակը կհարթվի սեպտեմբերին Ազգային Ժողով մտնող օրինագծով, որով կարգավորվելու է թերթերից եւ լրատվական կայքերից հրապարակումների մեջբերման ծավալը

«Կընդունվի եւ դրանից հետո մենք հնարավորություն կունենանք սանկցիաներ կիրառել, ինչ-որ կայքերի դատի կտանք»,-ասաց նա։