Համակարգչային հատուկ ծրագրեր
Հունիսի 27-ին, ժամը 14:30-ին Անի Պլազա հյուրանոցի «Գառնի» սրահում տեղի կունենա «Համակարգչային ծրագրերը և տեղեկատվական մատչելիությունը տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար» թեմայով կլոր սեղան:
Միջոցառումը կազմակերպվում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակությամբ:
Հանդիպման նպատակն է քննարկել տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված համակարգչային ծրագրերի կիրառումը Հայաստանում, դրանց արդյունավետությունը և հայերենով տեղեկատվություն ստանալու հնարավորությունները:
Հանդիպմանը հրավիրված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության նախարարությունների, հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման ավարտին կներկայացվի Disabilityinfo.am տեղեկատվական նոր հարթակը, որը ևս ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում՝ որպես Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից շնորհված անհատական դրամաշնորհով գործող ծրագրի մաս։ Կայքը նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների համար և նպատակ ունի լրացնել տեղեկատվական այն բացը, որը գոյություն ունի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, նրանց համար նախատեսված ծառայությունների, պետական և միջազգային ծրագրերի մասին:
«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» քառամյա ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը ավանդական և այլընտրանքային միջոցներով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Ինտերնյուս Նեթուորքը (ԱՄՆ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը և Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն: