«Խոշոր կիտրոնի» տհաճ անակնկալը
Գնեք կտրոն եւ ստացեք զեղչ՝ սննդի ու սպասարկման այլ ծառայություններից օգտվելիս։ Վերջին շրջանում Հայաստանում նմանատիպ մի քանի ծառայություններ են գործում, որոնք առաջարկում են այսպիսի կտրոններ՝ անգամ Հայաստանից դուրս հյուրանոցներից կես գնով օգտվելու համար։
BigLemon-ից գնելով նման մի կտրոն՝ երեկ մի զույգ որոշել էր երեկոն անցկացնել Հանրապետություն փողոցում գտնվող China House ռեստորանում։
Որքան է եղել նրանց զարմանքը, երբ նրանց հայտնել են, թե վաղուց այդ՝ 50 տոկոս զեղչով օգտվելու ակցիան չի գործում։ Մինչդեռ կտրոնի վրա գրված է, որ այն ուժի մեջ է հունիսի 8-ից մինչեւ 30-ը։ Այնուամենայնիվ, ռեստորանի աշխատակազմը որոշել է որպես բացառություն զեղչով սպասարկել նրանց։
Անհարմար իրավիճակում հայտնված զույգը փորձել է բացատրություն ստանալ BigLemon-ից։ Ներողություն խնդրելու փոխարեն՝ այստեղ սոսկ ասել են, թե պարտավոր չեն տեղեկացնել կտրոնի տիրոջը ակցիայի կասեցման մասին։ Ի դեպ, կայքում գրանցվելու եւ կտրոն գնելու համար պարտավորվում ես գրանցել եւ էլեկտրոնային փոստիդ հասցեն, եւ հեռախոսահամարդ։
Երբ զանգահարողը զայրացել է նման վերաբերմունքից, կրկնել, որ իր զանգի նպատակը ոչ թե 600 դրամանոց կտրոնի դիմաց վճարված գումարը ետ ստանալն է, այլ բարեկիրթ սպասարկելու պահանջը, BigLemon-ի ներկայացուցիչն է սկսել սպառնալ։
«Մի՞թե կարելի այսքան փնթի աշխատել»,- «Ա1+»-ին զայրացած պատմեց տղամարդը։ Նա այսօր գոհ է, որ այս տհաճ իրավիճակի արդյունքում ինքը դաս առավ, ետ կանգնեց որոշումից եւ չի գնի կտրոն, որն առաջարկում է զեղչով հանգիստ արտերկրում։
«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ իրավիճակում կհայտնվեինք մենք այնտեղ»,- ասաց նա։