Հետազոտվիր փողոցում եւ իմացիր քո ՄԻԱՎ կարգավիճակը
Հունիսի 28-ին, ժամը 15:00-ից 21:00-ն Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի հատման վայրում /Հյուսիսային պողոտա, 11/, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է իրականացնել «Հետազոտվի՛ր և ապրի՛ր» հանրային միջոցառումը:
Ընդամենը 20 րոպեի ընթացքում անցորդները կարող են հետազոտվել (արյան նմուշը կվերցվի մատից) և իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը: Նախա և ետթեստային խորհրդատվությունն իրականացվելու է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից վրաններում, իսկ հետազոտությունը՝ շտապ բժշկական օգնության մեքենայում, ինչի շնորհիվ կապահովվի հետազոտության գաղտնիությունը:
Միջոցառումն իրականացվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի օժանդակությամբ, «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության և այլ գործընկերների աջակցությամբ:
Հետազոտությունն անանուն է, անվճար և գաղտնի:
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով՝ 2013թ. մայիսի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1448 դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500: Ի դեպ, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը Հայաստանում անանուն է և անվճար:
Մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ 2/3-ը չգիտի իր կարգավիճակի մասին: Այսօր ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, ովքեր բուժման ցուցումներ ունեն, ստանում են հակառետրովիրուսային բուժում և հնարավորություն ունեն ապրել երկարատև ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք, ունենալ առողջ երեխաներ: Միակ անհրաժեշտ նախապայմանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելն է և անհրաժեշտության դեպքում բուժման հետևողականությունը: