Ո՞վ եւ ի՞նչ չափով է տնօրինում Մխիթարյանի մարզական ապագան
Դոնեցկի «Մետալուրգի» փոխնախագահ Օլեգ Մկրտչյանը հայտարարել է, որ Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների 50 տոկոսը պատկանում է իրեն:
Մեկնաբանելով մամուլում հայտնված այն տեղեկատվությունը, որ այդ իրավունքները տնօրինում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, նա մասնավորապես հետեւյալն է հայտնել Новости-Армения գործակալությանը. «Ինձ զարմացնում է լրատվամիջոցների այն տեղեկատվությունը, որ Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների մի մասը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանինն է, մինչդեռ իրականում 50 տոկոսը պատկանում է Դոնեցկի «Շախտյորին», իսկ մյուս 50-ը՝ ինձ: Որեւէ ԶԼՄ, այդ թվում ռուսական եւ անգլիական, իրավունք չունի խեղաթյուրել փաստերը, քանզի դա կարող է հետեւանքներ ունենալ»:
Նա նշել է, որ այդ իրավունքները ամրագրված են համապատասխան փաստաթղթերով, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հրապարակվել:
Հատկանշական է, որ Օլեգ Մկրտչյանը անձամբ իրեն, այլ ոչ թե Դոնեցկի «Մետալուրգին» է վերագրում այդ չարաբաստիկ իրավունքների 50 տոկոսը: Մինչդեռ դրանից մեկ օր առաջ Ռ. Հայրապետյանը հայտարարել էր, որ Մխիթարյանի տեղափոխության գործարքից ստանալիք գումարի կեսը «Շախտյորինն» է, իսկ 25-ական տոկոսը «Փյունիկինը» եւ «Մետալուրգինը», որոնցում ժամանակին հանդես է եկել Հենրիկը: Ստացվում է, որ բանախոսներից մեկը ինչ-որ բան խառնում է:
«ՓԱՍՏԻՆՖՈ»