Մինսկում նիստը նախագահելու է Հասմիկ Պողոսյանը
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ` հունիսի 20-22-ը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների Մշակութային համագործակցության խորհրդի /ՄՀԽ/ հերթական՝ XXVIII նիստը:
Նիստի օրակարգում քննարկվելու են ԱՊՀ մասնակից պետություններում իրականացված և իրականացվելիք մշակութային միջոցառումները, առանձնակի կարևորվելու է նաև Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում մշտական լիազոր ներկայացուցիչների` ԱՊՀ մասնակից պետությունների Մշակութային համագործակցության խորհրդի 2013 թ. նոյեմբերի նիստում ներկայացվելիք հաշվետվությունը:
ԱՊՀ մասնակից պետությունների Մշակութային համագործակցության խորհրդի XXVIII նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկման է դրվելու 2014 թվականը ԱՊՀ-ում «Զբոսաշրջության տարի» հայտարարելու մասին հայեցակարգը:
ՀՀ պատվիրակության կազմում նիստին կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման և թվայնացման բաժնի ղեկավար Արա Խզմալյանը և «Արտ Էքսպո» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հայկուհի Թաքսիլդարյանը:
Այս մասին հայտնում է Մշակույթի նախարարությունը։