«Թույլ մի տուր չորանա մեր ապագան»
Հունիսի 17-ը անապատացման դեմ պայքարի միջազգային օրն է։
2013 թվականին անապատացման դեմ պայքարի միջազգային օրվա թեման է երաշտը և ջրի սակավությունը:
Կանխատեսումները ցույց են տալիս, որ 2025թ. մարդկության 2/3 կառնչվի ջրի սակավության խնդիրներին:
Ջրի սակավությունը առավել խոցելի է դարձնում չորային շրջաններում ապրող բնակչությանը, ինչը առաջացնում է լարվածություն: Յուրաքանչյուր մարդու բարեկեցիկ կյանքի ապահովման և կայուն զարգացման համար անհարժեշտ է տարեկան մոտ 2000մ3 քաղցրահամ ջուր: Սակայն չորային շրջաններում բնակվող 1 մարդու հաշվարկով հասնում է մոտ 1300մ3 քաղցրահամ ջուր: Դա է պատճառներից մեկը, որ չորային շրջաններում ապրող բնակչության որոշ մասը հայտնվում է աղքատության մեջ:
Երաշտը լուրջ ազդեցություն է թողնում գյուղմթերքների արտադրության վրա: Երաշտը ի տարբերություն այլ բնական բացասական երևույթների հնարավոր է կանխատեսել և համապատասխան քայլեր ձեռնարկել հետևանքների մեղմացման ուղղությամբ:
Այս տարվա կարգախոսն է «Թույլ մի տուր չորանա մեր ապագան»:
Հայաստանը գտնվելով չորային շրջանում նունպես ենթարկվում է անապատացման և մեծ վնասներ է կրում ջրային ռեսուրսների սակավությունից, ինչը բերում է բնակչության սոցիալական վիճակի վատթարացմանը:
Ջրային ռեսուրսների պահպանությունը և արդյունավետ օգտագործման տնտեսական մեխանիզմների կատարելագործումը հանրապետության տարածքում անապատացման դեմ պայքարի գործընթացում ունի վճռորոշ նշանակություն, որի առաջնահերթ խնդիրներից են ջրային ռեսուրսների ճիշտ հաշվառումը, բաշխումը և աղտոտումից պահպանումը:
Հանրապետության մակերևույթային ջրային պաշարները տարեկան կազմում են 6250 մլն.մ3, իսկ հաստատված շահագործական ստորերկրյա ջրային պաշարները` 1200 մլն.մ3:
Հանրապետության ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնախնդիրներից մեկը Սևանա լճի պահպանությունն է, որի քաղցրահամ ջրերը տարածաշրջանի համար հանդիսանում են ապագա խմելու ջրերի հիմնական աղբյուրը:
Հանրապետության ջրային ռեսուրսների պահպանության գործում առաջնահերթ խնդիրներ են հանդիսանում նաև աղտոտման աղբյուրների ժամանակին բացահայտումը, դադարեցումը և հետագա կանխարգելումը: Հայտնի է, որ Հայաստանի հիդրոէկոհամակարգերի էվտրոֆացման և աղտոտման հիմնական պատճառ են հանդիսանում գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը, որոնց բացասական ազդեցության հետևանքների վերացմանը կամ մեղմացմանը պետք է նպատակաուղղված լինեն հետևյալ միջոցառումները.
• կեղտաջրերի մաքրման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում,
• Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագրով նախատեսված գործողությունների իրականացում,
• ջրային աղբյուրների սանիտարական նորմերի պահպանում,
• հանքային պարարտանյութերի օգտագործման սահմանափակում,
• ջրային ռեսուրսների մոնիտորինգի անխափան իրականացում,
• սանիտարական գոտիների ցանցի ընդլայնում:
Այս մասին հայտնում է Բնապահպանության նախարարությունը։