2 օրում՝ մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպք
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 12-ից 13-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 17 դեպքից`6-ը, իսկ խարդախության 6 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Եւս երկու ինքնաձիգ, պահունակ, փամփուշտներ
Հունիսի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Կարմիր բլուր» գերեզմանատան հարևանությամբ գտնվող գործարանի պատի տակ ինքնաձիգ է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ինքնաձիգ և ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 26 փամփուշտով:
Նույն օրը գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մեկ այլ անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նանսենի փողոցում՝ թփերի տակ, ինքնաձիգ է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված փողոցում՝ եղևնու տակ, հայտնաբերել է ինքնաձիգ` առանց փամփուշտատուփի, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 28 փամփուշտ և «ԲՄԳ -Կ 3144 5-84» նշագրումով կլորավուն սարք:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: