Մայրաքաղաքում հանդիպած օձերը թունավոր չեն եղել
«Մայրաքաղաքում հանդիպած օձերի տեսակների մասին կարող եմ վստահորեն ասել, որ դրանք ոչ թունավոր օձեր են»,-. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Էկզոտարիում» ընկերության տնօրեն Կարեն Մարտիրոսյանը:
«Դա կապարագույն սահնօձն է, որը տարածված է ամբողջ հանրապետությունում: Նա կարող է կծել, բայց թունավոր գեղձեր չունի»,-ասում է Մարտիրոսյանը:
Մասնագետները նշում են, որ մարդիկ խուճապի չպետք է մատնվեն, քանի որ մայրաքաղաքում միշտ էլ եղել են օձեր ու կարիճներ, բայց դրանք հիմնականում ոչ թունավոր տեսակներ են:
ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը նշում է, որ օձերի, կարիճների խայթոցի դեպքերը անցած տարվա համեմատ պակասել են:
«Անցած տարի հանրապետությունում գրանցվել է օձի կծելու 156 դեպք, որից 2 մահվան դեպքով: Այս տարի հանրապետությունում ունեցել ենք օձի կծածի մոտավորապես 14 դեպք»,-հավելում է Գաբրիելյանը:
Մասնագետները նշում են, որ սխալ է այն մոտեցումը, թե մայրաքաղաքում օձերը շատացել են:
«Մենք մոռանում ենք, որ մեր մայրաքաղաքը այնպիսի լանդշաֆտի վրա է կառուցված, որտեղ ձորեր ու սարեր են, որտեղ սողունները միշտ ապրել են:Այդքան շինարարություն, որ տեղի է ունեցել, օձերը մագլցում են եւ բակեր, եւ շինություններ, եւ տներ: Եւ կան օձերի տեսակներ, որոնք քաղաքաբնակ են, օրինակ նկուղներում են ապրում»,-ասում է Կարեն Մարտիրոսյանը:
Նա նշում է, որ Հայաստանում կա 23 օձատեսակ, որից թունավոր են ընդամենը 4-ը, իսկ մարդու առողջության համար վտանգավոր են գյուրզան եւ հայկական իժը:
«Եթե օձը կծել է, ամենաառաջին օգնությունը, դա հենց շուտ արտածծելն է բերանով օձի կծած վերքից եւ թքելը: Դա բերանի խոռոչի, կերակրափողի մեջ չի ներծծվում: Ժողովրդի մեջ ասում են, եթե ատամ կա փչացած, չի կարելի, բայց սխալ է: Դա չի ներծծվում, պետք է լինի արյունահոսող բաց վերք բերանի խոռոչում, որ նոր էդ թույնը ազդի»,-ասում է Գաբրիելյանը:
Թույնն արտածծելուց հետո, հիվանդին պետք է տալ հորիզոնական դիրք, անշարժացնել կծած տեղը եւ ինչքան հնարավոր է շուտ հասցնել մոտակա հիվանդանոց։