Լոռու մարզն այրվում է
Լոռու մարզի մոտ՝ Օձուն գյուղի մոտ այրվել են Դեբեդի կիրճի լանջերը, Բազումի լեռնաշղթայի հարավային լեռնաճյուղերի խանձված բուսականությունը: Այրվել են ՄԱԿ-ի (UNWFP) ծրագրով տնկված ծառերի շիվերը:
Վանաձորի բնակիչ Ռաֆայել Մովսիսյանը «ԷկոԼուրին» ուղարկել է լուսանկարներ,որում նաեւ ներկայացված է կովկասյան մրտավարդը: Կովկասյան մրտավարդի մարգերը կրակով ոչնչացված են Հալաբի լեռնաշղթայի լեռնաճյուղերում: Այժմ նրանց տեղում աճում են մոլաբույսեր:
Ռաֆայել Մովսիսյանը գրում է.«Վանաձորը գտնվում է 3 լեռնաշղթաների շրջապատում: Խորհրդային տարիներին տարվա չոր եղանակին այրվում էին միայն Բազումի լեռնաշղթայի լանջերը: Լանդշաֆտների հրդեհները տեղի են ունեցել մշտական հաճախականությամբ: Այժմ չոր եղանակին այրվում են Բազումի, Փամբակի, Հալաբի լեռները ամբողջ մարզով մեկ: Օրական հրդեհները հարյուրավոր հեկտարների բուսականություն են ոչնչացնում: Կարճ ժամանակահատվածում լանդշաֆտները վերածվում են մոխրի: Ջերմային հարվածից մեծ ծառերը չորանում են: Հրդեհները նաեւ սկսել են ոչնչացնել հենց Վանաձորի դեկորատիվ թփերն ու ծառերը: Թփերը տնկված են ռուսական եկեղեցու կողքին` «Արցախ» պուրակում, «Վեգա» խանութի մոտակայքում եւ քաղաքի այլ հատվածներում: Այս ամենը չնկատելով` քաղաքի եւ մարզի իշխանություններն ամեն տարի ծառատունկի ցուցադրական շաբաթօրյակներ են կազմակերպում: Սակայն բույսերի հետագա ճակատագիրը ոչ մեկի չի հետաքրքրում...»:
«Էկոլուր»
Լուսանկարները` Ռաֆայել Մովսիսյանի