Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գլխավոր վտանգը կիջնի Թուրքիայից» (տեսանյութ)

Քաղաքականություն
4ec2fa240b6da8b3390874b207e0bd71

Սիրիահայերից շատերը օրեր են հաշվում Սիրիա վերադառնալու համար

«Կլսենք, որ մեկ ամիս, երկու ամիս պիտի վերջանա, եւ մենք ետ պիտի դառնանք մեր Հալեպը, մեր Սիրիան»,- ասում է Լուսին Բահարյան -Մխմելջյանը։

Նա ընտանիքի հետ է եկել Հայաստան, չնայած դրան, նրա կարծիքով, հայ համայնքի օրերը Սիրիայում հաշված չեն. «Հեռացողը հեռացավ, բայց բոլորն ալ հույսով են, որ ետ վերադառնան»։

Պատերազմի նոր թափ հավաքելու մասին տեղեկություններ չունի Ռազմիկ Խաչատուրյանը, ինքը գիտի, թե երբ եւ ինչու պետք է ավարտվի այն

«Իմ կարծիքովս մինչեւ 2014 պատերազմ, բայց ատկե վերջ կվերջանա, քանի որ ընտրություններ կան»,- նկատում է նա։

Գրեթե բոլոր սիրիահայերը հոգով-սրտով իրենց նախագահ Բաշար Ասադի կողմն են, հաջորդ տարվա ընտրություններում ըստ նրանց, հենց Ասադն էլ պետք է հաղթի։

Ներսես Բահարյանն այս պատերազմի վերջը չի տեսնում, ըստ նրա, հակամարտող կողմերը մենակ չեն, նրանց ոգեւորողներ կան. «Եվրոպան երկու կողմանից է խաղում, մեկ կողմից զենք կտա, մյուս կողմեն՝ հաշտություն կուզե»։

Իսկ ահա ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ոչ մի լավ բան չի տեսնում։

Ռուբեն Սաֆրաստյանը չի բացառում, որ սիրիական հակամարտության արդյունքում հայ համայնքը կվերանա, Հայաստանը պետք է պատրաստ լինի օր առաջ հայերին Սիրիայից դուրս բերելուն։ Գլխավոր վտանգն, ըստ նրա, հայերի գլխին իջնելու է Թուրքիայից. «Թուրքիայի համար/մենք դա վաղուց ենք ասել/ շատ կարեւոր է, որ նա չունենա իր հարեւան երկրում Սիրիայի նման հայ համայնք, որը ցեղասպանության արդյունք է»։

Հենց այդ պատճառով էլ ըստ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի, հակամարտության մեջ ներքաշված Թուրքիան կարող է նպատակային հարվածներ հասցնել Հալեպին։ Թուրքական մամուլում պարոն Սաֆրաստյանը տեսել է քարտեզներ, որոնցում Հալեպն ընդգրկված է Թուրքիայի կազմում։ Որոշ տարածքներ վերցնելու են Իրաքից եւ Բալկանյան թերակղզուց. «Փորձ է արվում վերականգնել Մեծ Թուրքիան»։

Ի դեպ, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, Թուրքիայից բացի պատերազմը կարող է ընդգրկել նաեւ Լիբանանը, Իրաքը եւ Իսրայելը։ Թուրքագետը հույս ունի, որ Ամերիկան եւ Ռուսաստանը կգտնեն Ասադին ու ընդդիմությանը հաշտեցնելու ելքեր։