Միակ կենդանի զոհված ազատամարտիկը (տեսանյութ)
1992թ. հունիսի 19-ը գրող-հրապարակոս, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի 2-րդ ծննդյան օրն էր: Նրան ընկերները համարում են Հայաստանի միակ կենդանի զոհված ազատամարտիկը.
Շուշիի հետո նրանց գումարտակը պետք է ազատագրեր Աղդամի երկու գյուղեր: Մինչ այդ, Սուրեն Սարգսյանն իր իրերի մի մասը ուղարկում է տուն, հենց այն ժամանակ, երբ Հայաստան էին տեղափոխում իր երկու ընկերների աճյունները: Նրանցից մեկի դին գրեթե անճանաչելի էր...
«Մտածել են, որ դա հենց իմ դիակն է: Շուշիի առանձնակի գումարտակի տղաներից մեկը ասաց` քեզ ուղարկել ենք, թաղել ենք արդեն, ասացի` ոնց, պարզվեց` այդպիսի թյուրիմացություն է եղել, մինչեւ զանգահարեցինք տուն, մերոնք արդեն լաց էին լինում: Այնտեղից նաեւ միս ու օղին էին ուղարկել, որ քելեխ տան»,- հիշում է նա։
Իր ողջ լինելու մասին Սուրեն Սարգսյանը ընտանիքի անդամներին տեղեկացրել է` հեռախոսազանգով. «Լուսահոգի հայրս վերցրեց եւ ես առաջին անգամ հորս լացի ձայնը լսեցի, ուրախ էր ու նա մի քիչ հայհոյել էր սիրում ու ասաց ես քո սենցը-նենցը ու լաց եղավ»
Մինչ տուն կվերադառնար, Սուրեն Սարգսյանի այսպես կոչված սեւ թուղթը արդեն տանն էր։ Հետո արդեն պատմել էին, թե մտերիմներից ով ինչ մահախոսական է ասել։