Ազատամարտիկներն ակցիա են անում (տեսանյութ)
Արցախյան պատերազմի վետերաններն այսօր մեկ անգամ եւս հիշեցրել են իրենց խնդիրների մասին։ Տոնական այս օրը նրանք հավաքվել էին Վարդան Մամիկոնյանի արձանի դիմաց,որտեղից երթով շարժվեցին Անդրանիկի արձան։
Ազատամարտիկները նշում են, որ իրենք անտեսված են իշխանությունների կողմից եւ շատերն անգամ գումար չունեն տոնական միջոցառումներին կամ բողոքի ակցիաներին մասնակցելու համար, մինչդեռ այսօր իշխանավորների մեծ մասը տոնական միջոցառումներին մասնակցում են ջիպերով։
Ազատամարտիկները իրենց սոցիալական խնդիրները լուծելու համար 13 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել Կառավարությանը եւ հույս ունեն, որ դրանից հետո իրենց սոցիալական վիճակը կբարելավվի։ Նրանք պահանջում են կենսաթոշակների 100 տոկոս բարձրացում, անվճար բուժօգնություն, անվճար տրանսպորտ, կոմունալ վճարների 50 տոկոսի նվազեցում։
Իսկ հունիսի 6-ին՝ ժամը 11.00-ին, ազատամարտիկները կառավարության նիստի հերթական օրը, հավաքվելու են գործադիրի շենքի առջեւ՝ խնդիրները մեկ անգամ եւս բարձրացնելու համար։
Անկախ նրանից իրենց պահանջները կբավարարվեն, թե ոչ, ազատամարտիկները վստահեցնում են, որ եթե կրկին պատերազմ սկսվի, պատրաստ են իրենց կյանքը տալ հանուն հայրենիքի։