Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

15 տարի անց. Կրկին նույն խնդիրների մասին/ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
b8d6a84ce7d4f88468d5f4b581bb7c12

Քաղաքագետների միության հայտարարությունը.

1998 թվականի մարտի 29-ին՝ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախօրյակին, Կարեն Դեմիրճյանի եթերաժամում հեռարձակվեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի և մոսկվաբնակ հայտնի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի համատեղ հեռուստաելույթը:

Տարիների բարձրունքից հնարավոր է գնահատել, թե որքանով էին հիմնավոր քաղաքագետների ելույթում արտահայտված մտահոգությունները, նախազգուշացումները, աչքի լույսի նման ազգային միասնության պահպանման անհրաժեշտության վերաբերյալ նրանց առաջարկությունները:

Հիմք ընդունելով հայ ժողովրդի բոլոր հատվածների և առաջին հերթին հայոց զույգ պետությունների միասնության ամրապնդման փիլիսոփայությունը սպարապետ Վազգեն Սարգսյանն ուղիղ մեկ տարի անց՝ 1999 թվականի գարնանը, պաշտոնապես դիմեց Կարեն Դեմիրճյանին, առաջարկելով միավորել ուժերը միասնական քաղաքական դաշինքի ձևավորման շրջանակներում: Սակայն քչերը գիտեն, որ 1998 թվականի մայիսի 23-ին տեղի ունեցած ՀԺԿ հիմնադիր համագումարից ընդամենը չորս ամիս անց Վազգեն Սարգսյանն արդեն հանձնարարել էր իր մերձավորներից Լեռնիկ Ալեքսանյանին Հմայակ Հովհաննիսյանի հետ քննարկել իր և Կարեն Դեմիրճյանի ղեկավարած ուժերի միավորման հնարավորությունը: Արդյունքում ստեղծվեց «Միասնություն» դաշինքը և 1999 թվականի խորհրդարանական ընտրությունները վերածվեցին ազգային միասնության և համերաշխության հաղթարշավի

1991 թվականից հետո անցկացված բոլոր ընտրություններից 1999 թվականի խորհրդարանական ընտրությունները միակն էին դրանց պաշտոնական արդյունքների և հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կամարտահայտության, իրական ցանկությունների նույնականության առումով: Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը դարձան վիթխարի քաղաքական կապիտալի տեր. դա հայ ժողովրդի ազգային միասնության գաղափարի իրական տրիումֆն էր: Այն տրիումֆը, որի անհրաժեշտությունը ստորև ներկայացվող հեռուստաելույթում հիմնավորել էին հայ քաղաքագետները:

Ավաղ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին դավադիր կրակոցներն ամեն ինչ վերադարձրեցին ի շրջանս յուր. հասարակությունը նորից հայտնվեց ընտրությունների պաշտոնական արդյունքների և սեփական ցանկությունների հակադրության բավիղներում: Հոկտեմբերի 27-ի ցավը, որը ոչ միայն չի մեղմվում, այլ, հակառակը, գնալով կարծես ավելի ու ավելի է բորբոքվում, պայմանավորված է ժամանակի ընթաացքում կորուստի շարունակական և ծանր հետևանքների բացահայտմամբ:
Երբ 2008 թվականի մարտի մեկի ողբերգությունից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է հատուկ օրենսդրություն մշակել Հայաստանի Հանրապետությունում ղարաբաղցիների որպես փոքրամասնության իրավունքները պաշտպանելու համար, բոլորին պարզ դարձավ հոկտեմբերի 27-ի կրակոցներով և ղարաբաղյան խմբի միահեծան իշխանությամբ խաթարված ազգային միասնության կորուստի դառը իրականությունը: Այսօր մենք կանգնած ենք խաթարված ազգային միասնությունը վերագտնելու, մեր ժողովրդի հավատն ու հույսը վերականգնելու հրամայականի առջև:

Տասնհինգ տարի անց Հմայակ Հովհաննիսյանը և Սերգեյ Կուրղինյանը նորից միասին կխոսեն այդ և հարակից խնդիրների մասին:
Հայաստանի քաղաքագետների միության կենտրոնական գրասենյակի նիստերի դահլիճում մայիսի 27-ին, ժամը 16 . 30-ին նրանց մասնակցությամբ տեղի կունենան բաց քննարկումներ «Հայաստանի և Ռուսաստանի առջև ծառացած մարտահրավերները համաշխարհային գործընթացների համատեքստում» թեմայով:
«Ա1+»-ը ինտերնետային հեռուսատընկերությունը մայիսի 27-ին ժամը 16 անց 30-ից կկազմակերպի ՀՔՄ նիստերի դահլիճից ուղիղ հեռարձակում: