«Կատաղած» անձրեւը քաղաքապետարանն էլ չի բացառում (տեսանյութ)
Հորդառատ անձրեւների ժամանակ Երեւանում արտակարգ իրավիճակները ոլորտի մասնագետները կանխատեսելի են համարում:
Հեղեղատների թիվն ու անձրեւատար խողովակների տրամաչափերը նախատեսված չեն տեղումների նման ծավալի համար:
«Տեղումների առատությունը այնքան մեծ էր, որ ի վիճակի չէր գործող համակարգը այդքան ջուր վերցնելու իր ներսում: Մեկ ժամում տեղացել է մեկ ամսվա նորմային հավասար անձրեւ»,-ասում է Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:
Վերջին տարիներին քաղաքում իրականացված կառուցապատման եւ բարեկարգման աշխատանքները նույնպես իրենց բացասական հետեւանքն են թողել:
«Հենց մեր տան դիմաց՝ պրոսպեկտում, կային էս համակարգից, բայց ասֆալտելուց հետո վերացան, ասֆալտով պատվեցին»,-ասում է Երեւանի բնակիչներից մեկը:
Մայրաքաղաքի 350 կմ երկարության սելավատար համակարգը ունի եւս մեկ բարդություն: Այն միացված է կոյուղատար համակարգին եւ հորդառատ անձրեւների դեպքում գերծանրաբեռնվածությունից փողոց են լցվում նաեւ կոյուղաջրերը, ինչպես որ եղավ վերջին տեղումների ժամանակ:
«Կոյուղու կոլեկտորը, որը որ տեղափոխում է քաղաքի հոսքը գրեթե 70-75 տոկոսով այդ նշած պատճառներով գերբեռնվածության պատճառով կափարիչները դուրս էին թռել»,-ասում է Երևան ջուր ընկերության՝ «Արեւելք» շահագործման գրասենյակի տնօրեն Կարապետ Օհանյանը
Մասնագետները կարծում են, որ քաղաքի զարգացմանը զուգընթաց պետք է փոփոխություններ մտցվեն նաեւ անձրեւատար համակարգում:
Քաղաքապետարանում պնդում են, որ իրենք արդեն մի քանի տարի է, այդ ուղղությամբ աշխատում են:
«Իրականացվել են գույքագրման աշխատանքներ, ճշգրտվել են այն հասցեները հիմնական, որտեղ լրացուցիչ կամ նոր հեղեղատար, անձրեւընդունիչ ջրահեռացման համակարգ պետք է կառուցվի»,-հավելում է Կամո Արեյանը: