Գազի գնով բանակցությունները շարունակվում են (տեսանյութ)
Հայաստանում գազի գնի հնարավոր թանկացումը նաեւ ԱՄՆ դեսպանատան ուշադրության կենտրոնում է: Հայաստանի էներգետիկ ոլորտի վերաբերյալ համաժողովին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր, նշեց, որ կիսում է հայ հասարակության մտոգությունը:
«Սա կարեւոր հասարակական հնչողություն ունեցող հարցը է, եւ մենք հորդորում ենք որ այս աշխատանքերը կատարվեն առավելագույն թափանցիկության ապահովմամբ: Այս առումով էլ կարեւորվում է էներգետիկայի դիվերսիֆիկացումը, որպեսզի վառելիքի տեսակներից մեկի գնի տատանումների դեպքում, էլեկտրաէներգիայի գնի վրա ազդեցություն չունենա»,- ասում է Հեֆերնը:
Քննարկմանը ներկա ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը իր հերթին տեղեկացրեց.
«Բավականին երկար ժամանակ է, որ բանակցությունները ռուսական կողմի հետ գնում են: Մենք պայմանավորվել ենք ռուսական կողմի հետ, որ մինչեւ բանակցությունների ավարտը գազը Հայաստանում իրացվելու է 180 դոլար սահմանի վրա գնման գնին համարժեք եւ այդպես էլ շարունակվում է»,-ասում է Արմեն Մովսիսյանը:
Արմեն Մովսիսյանի ներկայացմամբ` Իրանն ավելի բարձր գին է պահանջում գազի դիմաց, քան Ռուսաստանը, եւ դա է պատճառը, որ Հայաստանը շարունակում է գազը գնել միայն Ռուսաստանից:
Իսկ ինչ է անհրաժեշտ, որպեսզի Հայաստանում ապահովվի էներգետիկ աղբյուրների բազմազանությունն ու խնայողությունը:
«Վերջին տարիներին վերականգնվող էներգետիկայի զարգացման բարձր տեմպերը Հայաստանում ինչպես նաեւ բնագավառում կառավարության կողմից վարվող քաղաքակնությունը թույլ է տալիս մեզ վստահաբար շարունակել ոլորտի զարգացումը»,-ասում է պարոն Մովսիսյանը:
ԱՄՆ դեսպանի կարծիքով՝ ՀՀ-ն կարող է լուծել իր էներգետիկ խնդիրները:
«Հայաստանը, չունենալով հիդրոածխածիններ այս առումով գտնվում է դժվար վիճակում, սակայն սա չի նշանակում, որ Հայաստանը էներգետիկ ռեսուրսներ, էներգակիրներ չունի: Իսկ Եվրամիության եւ Միացյալ նահանգների հետ համագործակցությունը էներգետիկ ոլորտում ուղղված է այնպիսի այլընտրանքային աղբյուրների օգտագործմանը, ինչպիսիք են քամին, արեւը ջուրը»,-հավելեց դեսպան Հեֆերնը: