Հայաստանի էներգետիկ ապագան՝ օդում
Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը դեռ լուծված չէ, և երկիրը շարունակում է էներգետիկ տեսանկյունից առավել մեծ կախվածության մեջ լինել էներգակիրների ներմուծումից: Այս մասին այսօր նշվեց «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում» թեմայով համաժողովի ժամանակ, որը կազմակերպել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:
Էներգետիկ անվտանգության առումով Հայաստանի առաջ ծառացած հիմնական մարտահրավերներն են ներմուծվող նավթից և բնական գազից կախման մեջ լինելը, դրանից բխող ներմուծվող հումքի գնային տատանումները, Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման ապահովումը և այլընտրանքային ու վերականգնվող էներգետիկ աղբյուրների սահմանափակ զարգացումը:
Ոչ-էներգախնայողական համակարգերի գործածումը սրում է էլեկտրաէներգիայի գնի բարձրացման ազդեցությունը տնտեսության և մասնավորապես ցածր եկամուտների տեր ու խոցելի տնային տնտեսությունների վրա: Այս խնդիրների լուծումը կնպաստի Հայաստանի էներգետիկ ոլորտի կայունացմանն ու զարգացմանը:
2012թ. հոկտեմբերին ԱՄՆ դեսպանությունն ու ՀՀ կառավարությունը ստորագրել են էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
Ըստ դեսպանության մամլո հաղորդագրության՝ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերը շարունակում են մեծացնել Հայաստանի կառավարության կարողությունները էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման, վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգախնայողության բարելավմանն հարցերում: Այս համաժողովը ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման քայլերից է և նպատակ ունի խթանել էներգախնայողության ու այլընտրանքային էներգետիկայի հարցերի շուրջ երկխոսությունը կառավարության, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի և դոնոր կազմակերպությունների շրջանում:
Համաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Զեկուցումներով հանդես եկան ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի Էներգետիկայի ռազմավարական կենտրոնի տնօրեն Վահան Սարգսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ու դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: