Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6մլն մարդու չափ բանջարեղենն ենք կերել (տեսանյութ)

Քաղաքականություն
38417eca1ec45d5f8128a8be91602101

Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորներն այսօր ծաղրում էին կառավարության ծրագիրը։ Ալեքսանդր Արզումանյանին զվարճալի էր թվում բժշկի պարտքը ծրագրային դարձնելու դրույթը, ըստ որի կառավարությունը երաշխավորում է հիվանդների ճիշտ ախտորոշումը։ Առողջապահության նախարարի համար դա շատ նորմալ դրույթ է

«Տարբեր տեղեր տարբեր չափորոշիչներ են աշխատել, հիմա միաձեւ չափորոշիչներ են աշխատում»,- ասում է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։

Նիկոլ Փաշինյանին զվարճացրել է «դինամիկ զարգացող սփյուռք» ձեւակերպումը կառավարության ծրագրում։ Հրանուշ Հակոբյանը ճշտում է՝ մենք ոչ թե սփյուռքն ենք դինամիկ զարգացնելու, այլ Հայաստան-Սփյուռք կապերը. «Ակնհայտ է, որ կա արտագաղթ, ակնհայտ է, որ կա այսպես ասած սփյուռքը լրացվում է Հայաստանից հեռացած հայրենակիցներով»։

Հրանտ Բագրատյանը ծրագրում գտել է Ազգային վիճակագրության ծառայության տվյալները, ըստ որի 35 տոկոս աղքատություն ունեցող Հայաստանի 2,8 միլիոն բնակչությունը տարեկան ուտում է 6 միլիոն մարդու հասանելիք միայն բանջարեղեն։

«Էն դեպքում, երբ որ մենք միս էլ ենք սպառում, պանիր ենք սպառում»,-ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը։

Նա ասում է՝ թվերը ուռճացված են՝ սոված հայ ժողովուրդն այդքան բանջարեղեն չի սպառում։

Գյուղատնտեսության նախարարը հակադարձում է՝ հայ ժողովուրդը, ըստ գյուղապետարաններից ստացված տվյալների, սպառում է ճիշտ այնքան բանջարեղեն, ինչքան գրված է Ազգային վիճակագրական ծառայության փաստաթղթերում

Որոշ գյուղմթերքներից, ըստ նախարար Սերգո Կարապետյանի, ավելի շատ բերք են ստանում, քան վիճակագրության ծառայությունն է ներկայացնում, գյուղապետարաններից նախարարն ստանում է ավելի կոնկրետ թվեր.

«Մեկը պտի ներկայացնի՞, գյուղապետերն են ներկայացնում»։
Գյուղապետերը Հրանտ Բագրատյանին անկեղծորեն պատմել են, թե իրենք ինչպես են կեղծ տվյալներ ներկայացնում մարզպետարաններին, որոնք իրենց հերթին դրանք ներկայացնում են Ազգային վիճակագրական ծառայությանը. «Մի երկու ծանոթ գյուղապետ կա, ասում են, պարոն Բագրատյան, ինչ- որ կա, մեկ ու կեսով, երկուսով բազմապատկում ենք, տալիս ենք, մենք չենք կարող փոքր թիվ ցույց տալ»։

Հրանտ Բագրատյանը չգիտի, թե ինչ բնորոշում տա կառավարության ծրագրին, այն կարելի է կատարել, կարելի է նաեւ չկատարել, ոչինչ չի փոխվի։ Չի փոխվի, եթե նույնիսկ 40 տոկոս աճ ապահովեն. «Մեզ պիտի բավարարի էն աճը, երբ տեսնենք, որ արդեն մարդիկ հետ են գալիս»։