Պետությունը՝ սրընթաց շարժվող շոգեքարշ (տեսանյութ)
«Հիմա եկել է գործ անելու ժամանակը, թե չէ երեք անգամ սկսվում է հեսա, հեսա, հետո՝ չընտրություն, հետո՝ վախ քոռանամ ես»,-Ազատության հրապարակում այսպես սկսեց իր ելույթը Նախախորհրդարանի անդամ Հարություն Մեսրոբյանը։
Հանրահավաքի մասնակիցներին պարոն Մեսրոբյանը ներկայացրեց 4 ընդհանուր կետ, որով իրենք սկսում են պայքարը։
«Մենք պարտավոր ենք կազմակերպվել և ինքնանկազմակերպվել, որովհետև մենք նման ենք պահեստային գծերում կանգնած շոգեքարշի, որը կանգնած է, բայց հզոր է։ Վերցնենք շոգեքարշի ղեկը մեր ձեռքը և տեսնենք, թե ինչ կարող ենք անել»,-ասաց պարոն Մեսրոբյանը։
Պարոն Մեսրոբյանը ողջունեց վերջին շրջանում նախաձեռնող խմբերի ստեղծումը, դա համարելով կարևոր պայման՝ երկիրն այս վիճակից հանելու համար.
«Ժողովուրդը պետք է լինի նույնը, պետությունը՝ սրընթաց շարժվող շոգեքարշ»։
«Փառք Աստծո, որ մեկ տարվա այս չընտրությունները փուլն ավարտվել է և սկսել է պայքարի նոր փուլ»,-ներկաներին ասաց ազատամարտիկ Ալեք Ենիգոմշյանը։
«Մենք պարտավոր ենք ապրել տեսլականով, որպեսզի հաղթահարենք այսօրվա իրականությունը։ Ապագա Հայաստանը պետք է լինի մշակույթի ազգ, ստեղծագործ ազգ, առևտրականների ազգ, նոր միտք ստեղծող ազգ, մենք այսօր պիտի ապրենք այդ տեսլականով։ Մենք պիտի լինենք համերաշխ երկիր, համերաշխ հասարակություն։ Մենք պետք է սիրենք մեր բնությունը, մեր բնությունը պարզապես շահույթ ապահովող բնական ռեսուրս չպիտի լինի։ Մենք պետք է կանգնեցնենք գազի գնի աճը, եթե չեղավ այսօր, պետք է լինի վաղը։ Մենք չպետք է համաձայնության գանք գազը վաճառող երկրի հետ։ Մենք այսօրվանից հաղթած ենք, այսօրվանից այս ռեժիմը պարտված է»,-եզրափակեց ազատամարտիկը։