«Ձեր լեկսիկոնից հանեք այդ բառը» (տեսանյութ)
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր Աբովյան քաղաքում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կառուցած Սուրբ Հովհաննես եկեղեցու օծման արարողությունից հետո Երեւան էր եկել:
Մեր նկարահանող խումբը նրան հանդիպեց այն վայրում, որտեղ ՀՀՇ-ն այսօր հայտարարեց իր վերածննդի մասին: Պարզվեց` պարոն Բալասանյանը տեղյակ չէր ոչ ՀՀՇ-ի վերածննդի, ոչ էլ դրա հետ կապված այլ մանրամասների մասին: Նա խնդրեց իրեն հարցեր ուղղել միայն իր ղեկավարած քաղաքի` Գյումրիի մասին:
Առաջին հերթին փորձեցինք հետաքրքրվել Գյումրիում հաճախակի հնչող կրակոցների մասին: Սամվել Բալասանյանը սպառիչ պատասխան ուներ. «Հիմա Գյումրիում ամեն ինչ շատ լավ է, քաղաքը վերածվել է շինարարական հրապարակի, սկսել ենք ասֆալտապատման, կանաչապատման աշխատանքներ»:
Ինչ վերաբերում է այն գնահատականներին, որ Գյումրին կրիմինալ քաղաքի է վերածվել, ապա Սամվել Բալասանյանը լրագրողներին դիմեց կոչով. «Մյուս անգամ, լրագրողներ, խնդրում եմ ձեր լեկսիկոնից հանեք այդ բառը` կրիմինալ, Գյումրին դա սպորտի եւ մշակույթի քաղաք է եղել, մնում է ու շարունակում է մնալ»:
Իսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությունը, որ Գյումրին կլանների պայքարի տեղ է դարձել, պարոն Բալասանյանը խորհուրդ տվեց այդ հարցով նրան դիմել. «Ինձ իմ հարցերը տվեք»:
ԲՀԿ որ կարգավիճակն է Սամվել Բալասանյանին ավելի հոգեհարազատ` մնալ այլընտրանք, թե դառնալ ընդդիմություն. «Ճիշտն ասած, այս պահին այդ հարցին ես չեմ պատասխանի, այդ հարցին երեւի կպատասխանեն սեպտեմբերին»:
Այս տարի փետրվարին ՀՀ նախագահի ընտրություններին Գյումրին աչքի ընկավ իր ընդդիմադիր կեցվածքով եւ իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում գրեթե ձայն չհավաքեց, արդյոք այս հանգամանքն այժմ որեւիցե կերպ չի ազդում Գյումրիին աջակցելու ծրագրերի վրա. «Իշխանությունները հիմա մեզ ավելի շատ պետք է ուշադրություն դարձնեն եւ դարձնում են»