Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը դառնում է կղերական պետություն» (տեսանյութ)

Քաղաքականություն
95d06cd9d392163253c3f337f00c1948

Իշխանությունը սիրային հարաբերությունների մեջ է Հայ Առաքելական եկեղեցու հետ,-կարծում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Թե որոշ անձերի, եւ թե ինստիտուտի հետ ամբողջությամբ»,- բացատրում է նա։

Կրոնական փորձագետ Ստեփան Դանիելյանը որոշակիացնում է՝ այդ հարաբերությունները առավել ընդգծված են Հայաստանի կառավարության եւ Արարատյան Հայրապետական թեմի միջեւ. «Մյուս կողմից, Մայր Աթոռը փորձում է նույնպես օրենսդրական ձեւակերպումներ տալ պետության հետ սերտաճմանը»։

Պարոն Դանիելյանը այս սերտաճման վտանգավոր կողմը համարում է այն, որ եկեղեցին դադարում է կատարել իր գործառույթները։ Նա պետք է լինի միայն հասարակության կողքին, ունենա սոցիալական հայեցակարգեր եւ անհրաժեշտության դեպքում քննադատի իշխանություններին։

«Երբ որ եկեղեցին եւ իշխանությունը սերտաճում են, տրամաբանորեն նրանք սկսում են գործել ընդդեմ հասարակության, որովհետեւ ու՞մ դեմ են ընկերություն անում»,- հարցնում է նա։

Ստեփան Դանիելյանն զգուշացնում է՝ մենք պետություն կորցնելու փաստի առջեւ ենք կանգնած, կա արտագաղթ, մարդիկ ընկճված են, արդարություն եւ հոգեւոր ոչինչ չկա. «Ումի՞ց պետք է ստանան այդ հոգեւոր սնունդը՝ եկեղեցուց, բայց եկեղեցին մասնակցում է այդ ամենին իշխանության հետ հավասար»։

Մշակութաբան Վարդան Ջալոյանն իր հերթին է որոշակիացնում՝ սերտաճել են նաեւ եկեղեցին եւ օլիգարխիան, նրանց տնտեսական շահերը համընկնում են։

Պարոն Ջալոյանը տեղյակ է, որ Հայ Առաքելական եկեղեցու որոշ ներկայացուցիչներ իրենց համարում են պետական ծառայող։ Հայաստանն, ըստ նրա, դառնում է կղերական պետություն. «Մնում է միայն մի բան, որպեսզի պետության ղեկավարը լինի Հայ առաքելական եկեղեցու, որով եւ կավարտվի կղերական պետության կառուցումը»

Ի դեպ, այսօր Երեւանում մեկնարկել է «Եկեղեցի-Պետություն փոխհարաբերությունների մոդելները» թեմայով երկօրյա սեմինար։