ՀԱԿ դիմումները մերժեցին (տեսանյութ)
Թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր քննեց ՀԱԿ ներկայացրած երեք դիմումները՝ թիվ 9/05, 9/22 եւ 9/28 ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաճելու պահանջով։ Բոլոր երեք դիմումներն էլ ԸԸՀ-ն մերժեց:
Թիվ 9/05 ընտրատեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացրել էր այս ընտրատեղամասում հանձնաժողովի ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին: Նա իր դիմումում նշել էր, որ ընտրատեղամասում խախտվել է ընտրելու ազատ իրավունքը, եղել է մարդկանց կուտակումներ, մարդկանց ուղղորդումներ, իսկ, իր կարծիքով, ՀՀԿ Երեւանի ավագանու որոշ թեկնածուներ թույլ են տվել խուլիգանական պահվածք, սեռական բնույթի հայհոյանքներ են արել: Բացի այդ, Վարդգես Գասպարին նկատել է, որ ընտրատեղամասի մոտ մի երիտասարդ գումար է տալիս երկու կանանց: Սա, ըստ նրա դիտարկման, հնարավոր է լիներ ընտրակաշառք:
ԸԸՀ-ն այս եւ ՀԱԿ մյուս դիմումների վերաբեյալ հրապարակեց գրեթե նույնաբովանդակ որոշումներ՝ «Ընտրական օրենսգրքի» էական խախտումներ չեն եղել, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, չեն բերվել բավարար ապացույցներ եւ հիմնավորումներ, այլ միայն ենթադրություններ էին ու կարծիքներ: Վարդգես Գասպարին իր դիմումը կարող է բողոքարկել ԿԸՀ:
Թիվ 9/28 ընտրատեղամասի վերաբերյալ ՀԱԿ-ի դիմումի քննարկման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչներն ու վստահված անձինք հանգամանալից ներկայացրին վերոնշյալ ընտրատեղամասում տեղի ունեցած խախտումները։
Այստեղ էր նաեւ թիվ 9 ընտրատարածքում ՀԱԿ վստահված անձ, ՀԱԿ անդամ Սարգիս Աբրահամյանը, որը մի շարք ուշագրավ տվյալներ ներկայացրեց այս ընտրատեղամասի մասին: Սակայն ԸԸՀ հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ անկախ բերված փաստարկների, իրենց որոշումն անփոփոխ է մնում, քանի որ այդ փաստարկները չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:
ՀԱԿ-ը թիվ 9 ԸԸՀ-ի որոշումը թիվ 9/28 ընտրատեղամասի վերաբերյալ բողոքարկելու է ԿԸՀ: