«Քուչի տղերքն» ընտրական իրավունք չե՞ն խախտել (տեսանյութ)
Մայիսի 5-ին, ըստ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի, մենք ունեցանք հուսալի, վստահելի և օրինակելի ընտրություններ, և դա բոլորիս ձեռքբերումն է: Պատգամավորը, սակայն, մտահոգված է հասարակության՝ ոչ այնքան մեծ վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ:
«Այս բացթողումը բոլորինս է: Ընտրական պրոցեսների վստահությունը պետք է ձևավորենք բոլորս` ընդդիմադիր և իշխանական թևերը միասին»,- կարծում է ՀՀԿ պատգամավորը:
Հովհաննես Սահակյանը փաստում է` բացի ՕԵԿ-ից մնացած բոլորը ուժերը համախմբվել էին ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար, թեև ՀՀԿ-ն հայտարարել էր, որ ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրություններն անցնեն օրինականության սահմաններում. «Իրենք կեղծիքների մի մեծ ավազան էին ստեղծել, և ուզում էին դրա դեմ պայքարել»:
Հովհաննես Սահակյանը զարմանում է` ինչու են անընդհատ շեշտում, որ ընտրություններում լայն ներգրավվածություն են ունեցել թաղային հեղինակությունները, որոնք գործել են ՀՀԿ-ի օգտին: « Երևանի տղերքը իրենց թաղերում իրենց ընտրությունները կազմակերպում են, և վստահ եմ, որ ոչ միայն մեր օգտին»,- ասաց պատգամավորը:
Հովհաննես Սահակյանը նաև «քուչի տղերքի» անուններ կարող է տալ, որոնք Երևանի ավագանու ընտրություններին աշխատել են ՕԵԿ-ի, «Բարև Երևանի» դաշինքի օգտին. «Հետաքրքրիր բառ ենք գտել` քուչի տղերք, ու իրենք ինչ-որ մեկի ընտրական իրավունքը խախտե՞լ են»,- հարցնում է Հովհաննես Սահակյանը: