Սերժ Սարգսյանն ու չծառայողների բանակը
Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի հայտարարությունը Սերժ Սարգսյանի «ոչ իսկական տղամարդկանց» ամրոցի մասին.
« Զինվորական ծառայություն չանցած տղամարդիք շարունակում են գերակշռել /67%/ նաև նոր կառավարությունում՝ վարչապետի և փոխվարչապետի գլխավորությամբ: Ավելին, զանգվածային ձևով խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները /«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդված/, որևէ պարզաբանում չի տրվում այն մասին, թե ինչու այդ տղամարդիկ զինվորական ծառայություն չեն անցել:
Պատահական չէ, որ այս հարցում նույն վիճակում է գտնվում պետական ողջ համակարգն, սկսած Ազգային անվտանգության խորհրդից, որի անդամների կեսը զինվորական ծառայություն չի անցել:
Նույնը վերաբերում է ՍԴ և վճռաբեկ դատարանների նախագահներին, Երևանի քաղաքապետին, գլխավոր դատախազին, ԿԲ նախագահին, ԱԺ փոխնախագահին, ԱԺ ՀՀԿ խմբակցության գերակշռող մասին, և այսպես, ըստ մեր հաշվարկների, քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց մոտ 80%-ին:
Այսինքն, օրինակ ծառայելու փոխարեն, այս պաշտոններ զբաղեցնող անձիք ճիշտ հակառակն են անում: Այդ կապակցությամբ, կարելի է նշել նաև այլ փաստեր, մասնավորապես, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարն իր զինվորական ծառայությունն անց է կացրել նախարարի օգնականի պաշտոնում, միաժամանակ դասավանդելով ԲՈՒՀ-ում, իսկ ԱԱԽՔ-ը սահմանված երկու տարվա փոխարեն, մեկն է ծառայել, հետագայում մոռանալով, անգամ, այդ մեկը նշել իր կենսագրությունում:
Իսկ ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցնող Ս.Սարգսյանն այս կարևոր հարցում միայն մի բան է արել՝ վերացրել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի այն սահմանափակումն, ըստ որի զինվորական ծառայություն չանցած անձը չէր կարող զբաղեցնել բարձր պետական պաշտոն, ինչպես զարգացած շատ ու շատ երկրներում:
Հետևանքն, ակնհայտ է՝ պետական համակարգը վերածվում է «ոչ իսկական տղամարդկանց» ամրոցի»
ՀՊԱԿ