Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրեց ընդդիմադիրներին (տեսանյութ)
Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակայնորեն հաղորդեց, որ պայքարը շարունակվում է։
«Պայքարը շարունակվում է բոլոր նրանց համար, ովքեր եղել են այս շարժման կողքին, ովքեր ինձ զորակցել են և ասել՝ պինդ մնացեք, ես չեմ զիջի։ Ինձ պետք չի ոչ մի աթոռ, ոչ մի նախագահություն, բայց 5 տարի անց ունենալու ենք որակապես նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետություն ու չեմ ասի, որտեղ չկա Սերժ Սարգսյան, կամ ուրիշներ, թող բոլորը լինեն, բայց մեր պարտականությունն է այս 5 տարիներին կերտել նոր երիտասարդություն»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ այս պայքարը մի հոգու պայքար չէ, ոչ էլ մի օրվա, որղջ պետության, ժողովրդի տևական պայքարն է։
«Թող չհամեմատեն ինձ որևէ մեկի հետ, ես սովորական մարդ եմ, շարքային քաղաքացի։ Իմ առաջարկը ուժի մեջ է։ Փետրվարի 18-ին հայ ժողովուրդը հաղթեց, պարտվեցի ես։ Ինձնից ավելի պարտվել է Սերժ Սարգսյանը։ Մայիսի 5-ին , որպես այդ պայքարի շարունակություն, պարտվեցինք մնացած բոլորս։ Այս հաղթանակի օրը, սիրելի հայրենակիցներ, չխտացնեմ գույները, բոլորս գտնվում ենք պարտության մեջ և դա վերաբերում է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր Պետրոսյանին։ Մի բան պետք է փոխվի, որովհետև 5 տարի մեր հանրապետությունը, եթե պիտի դառնա իրավական հանրապետություն, դուրս գա սոցիոլոգների, խմբագիրների կեղծ հորձանուտից։ Եթե պետք է որևէ մեկը զիջի, նահանջի, որևէ մեկը քավության նոխազ դառնա, դա կլինեմ ես»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Անդրադառնալով մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններին, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ եթե լիներ ազատ,արդար ընտրություն, ապա «Բարև Երևան» դաշինքը կհավաքեր ձայների մեծամասնությունը, կամ կզբաղեցներ 2-րդ տեղը։
Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հաջորդ հանդիպումը կլինի մայիսի 19-ին Անի հյուրանոցում։
«Ով իրեն համախմբման ենթակա է համարում, ով ուզում է ոչ թե իրենով, ոչ թե իր հերոսությամբ, իր նախագահությամբ, իր ընդդիմադիր հերոս լինելու միջոցով , ով հարգում է ժողովրդի փետրվարի 18-ի ձայնը, ով հավատում է, որ մայիս 5-ին խեղդվեց ժողովրդի ձայնը հերթական անգամ, ես հրավիրում եմ, հրավերը բոլորինն է, գրավոր չեմ ուղարկում։ Եկեք»։