Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ում շամպայն էին խմում (տեսանյութ)

Քաղաքականություն
c5d16d0c5047de53c08b2e3d62b82a11

Երեւանի ավագանու ընտրությունները մրցակցային են եւ բնականոն, նորմալ հունով անցան: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ կենտրոնական շտաբում ասաց ՀՀԿ խոսնակ, ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

Նա նախնական որեւէ տվյալ խուսափեց հայտնել` միայն նշելով, որ բավականին լարված քաղաքական պայքար ընթացավ. «Գրեթե բոլոր քաղաքական ուժերը մասնակցում էին ընտրություններին, յուրաքանչյուրը ձգտում էր ավելի շատ ներկայացվածություն ունենար ավագանում: Անկախ նրանից, թե ով է իրականացրել չարաշահում, ով է իրականացրել իրավախախտում, կուսակցությունը եւ մեր շտաբը դատապարտում ենք այն, եւ այդ իմաստով օպերատիվ աշխատեցին եւ իրավապահները, եւ ԿԸՀ-ն, եւ ԶԼՄ-երը, եւ սա եւս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ-ում հրապարակային, բաց, թափանցիկ ընտրությունների ժամանակաշրջանն այլեւս անշրջելի է»:

ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ իրենց շտաբը ահազանգեր է ստացել մի շարք խախտումների վերաբերյալ. «Մենք հանձնաժողովների նախագահների ու վստահված անձերի միջոցով դա պարզել ենք` սկսած կրկնակի քվեարկությունից վերջացած կուտակումներով եւ վերջացրած ճնշում գործադրելով ՀՀԿ հանձնաժողովի անդամի նկատմամբ»:

Այս ընթացքում ՀՀԿ կենտրոնական գրասենյակում էին գտնվում Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը, ինչպես նաեւ` գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ինչ հարցեր էին քննարկում «Ա1+»-ի հարցին ի պատասխան Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Նրանք բոլորն էլ ՀՀԿ անդամներ են եւ աստիճանաբար ամփոփում ենք այն տեղեկությունները, որոնք ստանում ենք»: 

Ինչ վերաբերում է Ավան վարչական շրջանում դեռ ձայների հաշվարկի ժամանակ տեղի ունեցած հրավառությանը, ապա նա նշեց. «Այդ հարցն ինձ չպետք է ուղղեք, այդ հարցը պետք է երեւանցիներին ուղղեք»: Ի դեպ, այս պահին նաեւ ՀՀԿ կենտրոնական շտաբի վերեւում սկսվեց հրավառություն, իսկ ՀՀԿ շատ շտաբներում արդեն բարձրացվել են շամպայնի բաժակները եւ ՀՀԿ-ականները շնորհավորում են միմյանց: