Մահացածների անուններ էլ կան
Այսօր կեսօրին Երևանի Կենտրոն համայնքի 9/12 և 9/13 ընտրատեղամասերում դիտորդները խախտումներ չէին արձանագրել: Քաղաքացիներից ոմանք, սակայն, բողոքում են ընտրացուցակների անճշտությունից: 9/13 ընտրատեղամասի ընտրողներից մի կին, ով չցանկացավ ներկայանալ, պնդում էր, որ ընտրացուցակներում նշված են իր այն ազգականների անունները, որոնք վաղուց բնակվում են արտերկրում:
«Իրենք արդեն տասը տարի է Հայաստանից դուրս են: Եթե նրանց անձնագրերի տվյալները ունեն ուրեմն շատ հանգիստ կարող են քվեարկել նրանց փոխարեն»,- ասաց քաղաքացին:
Ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներն ու դիտորդները շտապեցին կնոջը հանգստացնել` ասելով, որ ցուցակներում նույնիսկ մահացած մարդկանց անուններ կան. Կարևորը նրանց անվան դիմաց չստորագրվի: Արտերկրում գտնվող այդ քաղաքացիները Լեո փողոցի բնակիչներ Բագրատ և Դավիթ Խաչատրյաններն ու Արուսյակ Տիգրանյանն են:
Հանձնաժողովը այս առիթով արձանագրություն չի կազմի մինչև ընտրությունների ավարտը, կկազմի, երբ պարզի, որ ստորագրված են արտերկրում գնտվող այդ մարդկանց անունների դիմաց: