Վարչապետ. «Ընտրություններն ընթանում են խաղաղ» (տեսանյութ)
Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ընտանիքի՝ տիկնոջ, դստեր և թոռնուհու հետ Երևանի ավագանիի ընտրություններին քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ընտրություններն ընթանում են խաղաղ, անհանգստանալու որևէ պատճառ չկա: Բոլոր ահազանգերն արձանագրվում են և իրավապահ մարմիններն անհապաղ մեկնում են դրանց հետքերով: Որևէ օրինազանցություն, օրինախախտում անպատիժ չի մնալու, եթե այդպիսիք լինեն»:
Վարչապետի խոսքով՝ իր ընտանիքը քվեարկության է եկել տոնական տրամադրությամբ: Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ ընտրությունները տոնական տրամադրության համար լավ միջոց են, որովհետև դրանց արդար և թափանցիկ անցկացումը ստեղծելու են այն հիմքերը, որոնց արդյունքում Երևանը կշարունակի կայուն կերպով զարգանալ:
Այս մասին հայտնում է Կառավարության մամլո ծառայությունը։
Ի դեպ, Yerkir.am-ը նաեւ հետաքրքրվեց, թե վարչապետը տարօրինակ չի՞ համարում, որ Տարոն Մարգարյանը հսկայական ունեցվածք է հայտարարագրել:
Տիգրան Սարգսյանը նշեց, որ ծանոթ չէ քաղաքապետի հայտարարագրին: