ՀՅԴ-ականին թույլ չէր տալիս ստուգել (տեսանյութ)
Առավոտյան Մալաթիա-Սեբաստիայի 8/02 ընտրատեղամասում քվեարկությունը սկսվեց միջադեպով հանձնաժողովի նախագահի եւ Հայ հեղափոխական դաշնակցության վստահված անձի միջեւ:
ՀՅԴ վստահված անձ Հայկ Մանուկյանը իր ձեռքում եղած ցուցակը փորձում էր համեմատել հանձնաժողովի մոտ եղած ցուցակների հետ, հանձնաժողովի նախագահ Վարդան Վարդանյանն արգելում էր։
«Ես սա վերցրել եմ շտաբից ՀՅԴ-ի եւ ոչ մի անօրինական բան չեմ տեսնում, ես իմ անհատական նշումներն եմ անում, ընտրողների ցուցակն է, որը հրապարակվել է նախօրոք»,-ասում է ՀՅԴ վստահված անձ Հայկ Մանուկյանը։
Աջափնյակի 9/32 ընտրատեղամասում ընտրողները բավական ակտիվ էին: Քվեարկությանը մասնակցելու եկած «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակի թեկնածու Դանիել Իոնիսյանը նշում է, թե ինչ կուտակումներ եւ խախտումներ են եղել Աջափնյակի այլ ընտրատեղամասերում:
«Կան տեղամասեր, որտեղ կուտակումներ ենք նկատել եւ կան տեղամասեր որտեղ մեքենաների կուտակումներ ենք նկատել, որտեղ ընտրողներին մեքենաներով տանում բերում էին: Օրինակ 6/17 տեղամասում առավոտը խալմաղալ եղավ, որովհետեւ ինչ-որ անձինք, ովքեր չէին ուզում ներկայանային, մտել էին տեղամաս եւ հրաժարվում էին դուրս գալ»,-ասում է «Ժառանգության» անդամ Դանիել Իոնիսյանը:
Քվեարկելու էր եկել նաեւ օլիմպիական խաղերի եռակի չեպիոն, մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը:
«Ես մեծ բաներ ունեմ որ լավ ա լինելու մեր Հայաստանը, մեր Երեւանը, էնպես որ եկել եմ, ընտրում եմ ես մեծ սրտով ում որ ցանկացել եւ ուրախ ուրախ գնում եմ տուն»,-ասում է Ալբերտ Ազարյանը: