ԼՂՀ հարցը ՀՀ-ն ԵԽ-ում չի քննարկի
Մայիսի 16-ին Հայաստանը կստանձնի ԵԽ նախարարների կոմիտեի վեցամսյա նախագահությունը:
Այսօր այս առիթով ԱԺ Արտաքին հարցերի մշծտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ է հրավիրել՝ պատգամավորների, գերատեսչությունների եւ շահագրգիռ այլ կողմերի մասնակցությամբ:
«Սա բացառիկ հնարավորություն է ՀՀ-ի համար ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ համամարդկային արժեքների ճանաչման համար եվրոպայի լավագույն ավանդույթների ամրապնդման համար: ԵԽ-ում մեր շեշտադրումն ու առաջնահերթությունները պետք է միտված լինեն այս գաղափարների խոչընդոտման դեմ»,- բացման խոսքում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Խորհրդարանական լսումներին ներկա ԱԳ նախարարը Էդուարդ Նալբանդյանը հայտարարեց, որ նախագահությունը ստանձնելիս ՀՀ-ն պետք է հրապարակի մեր գերակայությունները՝ ԵԽ հենասյուններ՝ օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները:
Լսումներին Կարեն Անդրեասյանն անդրադարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ նշելով, որ այսօր մեր քաղաքացիներից շատերը փորձում են արդարություն փնտրել Ստրասբուրգում, քանի որ դեռեւս չեն վստահում մեր դատական իշխանությանը, կա փոքր վստահություն միայն ՍԴ-ի նկատմամբ. «Դրա համար գնահատելի է ԵԽ մարդու իրավունքների դատարանի նշանակությունը, քանի դեռ մենք մեր դատական ինստիտուտներով լիարժեք չենք պաշտպանում մեր քաղաքացիների իրավունքները»:
Հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հարց ուղղեց՝ արդյոք մեր նախագահությունը չի վերածվի Ադրբեջանի հարձակումներին պատասխանելու գործընթացի. «Իսկ հետո նույն կերպ կսկսի վարվել Ադրբեջանն իր նախագահության ժամանակ մեր նկատմամբ: Այդ իմաստով մեր նախագահությունը պետք է դարձնենք օրինակելի»:
Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով նրան, նշեց, որ ՀՀ-ն միայն 15-16 տարի հետո կարող է նորից ստանձնել ԵԽ նախագահությունը. «Սակայն երբեք մեր նպատակը չի եղել հակադրվել Ադրբեջանին, եթե միայն նրա կողմից սադրիչ գործողություններ չեն լինում մեր դեմ: Մենք արձագանքում ենք նրանց միայն այդ դեպքում»:
Լսումներին ներկա «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանին մտահոգում էր Մեծամորի ՀԱԷԿ-ի փակման հարցը. արդյոք մեր նախագահության ժամանակ ուլտիմատում չի դրվի ատոմակայանի փակման մասին: «Որեւէ փաստաթուղթ չունենք ԵԽ կողմից, թե երբ պետք է այն փակվի, թեեւ ԵՄ-ին մեր պարտավորությունների մեջ մտնում է ատոմակայանի եւ էներգետիկ անվտանգության հարցը»:
Պատասխանելով պատգամավորներից մեկի՝ ԼՂՀ վերաբերյալ հարցին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ԼՂՀ կարգավորման շեշտադրումներ չի անելու իր նախագահության ժամանակ. «ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման համար կա ձեւաչափ, դա ԵԱՀԿ համանախագահների միջամտությունն է: Այդ իմաստով մենք մտադիր չենք ԵԽ-ում քննարկումներ ծավալել ԼՂՀ կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ»: