Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հմայակ Հովհաննիսյանին բերման չէին ենթարկել (տեսանյութ)

Քաղաքականություն
e0bc5dea974940a04e6cfe09ef260f47

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունն այսօր կրկին չկայացավ: Դատավոր Գագիկ Պողոսյանը խորհրդակցական սենյակում էր, բայց մեկ այլ գործով։

Նախորդ դատական նիստին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը Հմայակ Հովհաննիսյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել։ Այսօր պարոն Հովհաննիսյանը ներկայացել էր դատարան՝ ասելու, որ դատավորի որոշումը անհիմն է, քանի որ նա նախորդ նիստին չէր ներկայացել՝ իմանալով, որ իր պաշտպանը հիվանդ է։

«Մենք կողմ ենք, որ դատաքննությունը արագ ընթանա եւ բացահայտի այս գործի շինծու, կեղծ թխված, պատվերով լինելը»,- «Ա1+»-ին ասաց նա։


Հմայակ Հովհաննիսյանը մեղադրվում է վիճաբանության ընթացքում «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանի երկու մատները կոտրելու մեջ, սակայն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Հաջորդ դատական նիստի ընթացքում Հմայակ Հովհաննիսյանը եւ նրա պաշտպանը խոստանում են մի շարք միջնորդություններ ներկայացնել՝ պարոն Հովհաննիսյանի անմեղությունն ապացուցելու համար։

«Մենք դատավորին շանս ենք տալու, որ ինքը անաչառ լինի։ Եթե ինքը այդ հնարավորությունից չօգտվի, բացարկի պահանջ է լինելու»,- նշեց Քաղաքագետների միության նախագահը։

Նա դժգոհ է դատավորից, կարծում է, որ կողմերի հավասարության սկզբունքը պարբերաբար խախտվում է;

«Ըստ էության հանդես է գալիս մեղադրող կողմի եւ դատախազի փաստաբան»,- եզրափակեց պարոն Հովհաննիսյանը։

Դատական հաջորդ նիստի օրվա մասին կտեղեկացվի լրացուցիչ։